Բոլիվիայի նախագահը հետաձգել է բոլոր գործերը՝ առողջական խնդիրների պատճառով

08:42 • 02.04.13

Բոլիվիայի առաջնորդ Էվո Մորալեսը ստիպված է եղել շտապ հետաձգել բոլոր գործերը բուժզննություն անցնելու համար և իր պարտականությունների կատարմանը կվերադառնա այսօր կամ վաղը։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան։


Նրա խոսքով՝ բժշկական քննությունը ցույց էր տվել, որ նախագահն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ շնչառական համակարգի հետ կապված։


Նա նշել էր, որ բժիշկները Բոլիվիայի առաջնորդին հորդորել են հանգստանալ և բուժում են նշանակել։


Վերջին անգամ Էվո Մորալեսը ստիպված էր եղել բժիշկներին դիմել 2012-ի մարտին՝ գլխապտույտի պատճառով, ինչի պատճառը, նրա խոսքով, եղել էր «ֆիզիկական հոգնածությունն ու վատ սնվելը»։