Հս. Կորեան կվերագործարկի իր միջուկային ռեակտորը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են կրկին շահագործման հանձնել երկրի գլխավոր «Յոնբյոն» միջուկային համալիրը, այդ թվում՝ 2007թ. աշխատանքը դադարեցրած ռեակտորը։
Ինչպես նշում է BBC-ն, իշխանությունների հայտարարության մեջ նշվում է, որ ռեակտորը գործարկելու դեպքում Փհենյանի միջուկային զինանոցը որակապես և քանակապես առաջընթաց կարձանագրի։ Ի պատասխան սրան, Հարավային Կորեան նշել է, որ «Փհենյանը շատ կզղջա այդ քայլի համար»։
«Յոնբյոն»-ի միջուկային ռեակտորը, որը միակ աղբյուրն է միջուկային զենքերի համար պլուտոնիում ստանալու համար, դադարեցրել է իր աշխատանքը 2007թ. հուլիսին՝ ԱՄՆ-ի հետ կնքած «զինաթափումը հումանիտար օգնության դիմաց» գործարքի շրջանակներում։
Ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ «Յոնբյոն» կայանում ստեղծված են բոլոր պայմանները միջուկային ռումբերի արտադրության համար անհրաժեշտ ուրան ստանալու համար։










