ԼՂ խնդրի հարցում ԼՂՀ դիրքորոշումը չի փոխվել. Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԱԳՆ

16:27 • 02.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը և 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:


ԼՂՀ ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները:


Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` նա նշել է, որ այն մնացել է անփոփոխ, և որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:


ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության և նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման և հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա:


Նա շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից և լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար կան և՛ բարոյական, և՛ իրավաքաղաքական բոլոր հիմքերը:


Բակո Սահակյանը կարևոր է համարել նաև արտաքին տնտեսական կապերի ոլորտում ԼՂՀ դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:


ԼՂՀ նախագահը նշել է, որ գերատեսչության առջև ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում: