Պռոշյանի գյուղապետի սպանության վայրում պարկուճ չի հայտնաբերվել. շրջանառվում է դիպուկահարի տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր առավոտյան սպանված Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը ընդամենը մեկ հրազենային կրակոց է ստացել, իսկ տարածքում դեռևս պարկուճ չի հայտնաբերվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այս պահին դեպքի վայրում գտնվող Նաիրի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը։ Նշենք, որ շրջանառվում է վարկած, թե գյուղապետին սպանել է դիպուկահարը, ինչն ավելի է խորացնում այն, որ դեպքի վայրում պարկուճ չի հայտնաբերվել։
Չնայած այդ վարկածին, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ պարկուճի չհայտնաբերումը հնարավոր է պայմանավորված լինի նրանով, որ կրակած լինեն՝ ատրճանակը ցելոֆանե տոպրակում պահած վիճակից, ինչի դեպքում պարկուճները չեն ընկնում:
Ըստ Արսեն Սարգսյանի՝ գյուղապետարանի դիմաց այսօր ժամը 9-ի սահմաններում հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, որը մահացել է գլխի աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից:
Նա նաև նշեց, որ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ի պատասխան հարցի, թե ինչ կարծիք ունի այն հանգամանքի վերաբերյալ, որ գյուղապետարանին մերձակա կրպարկի աշխատակից Հերմինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր, թե ինչպես է լսել «բղավոցի ձայներ և այսուայնկողմ վազող, գլուխները բռնած մարդկանց», սակայն նշել, որ ոչ մի արյուն չի տեսել, ոստիկանը ասաց, որ չի կարող ասել, թե կինն ինչու է նման բան ասել։
Ոստիկանը նշեց, որ նախաքննության շահերից ելնելով չեն հայտնում, թե արդյոք կա՞ն կասկածյալներ: Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին, ապա այս պահին այդպիսիք չկան։
Նշենք, որ դեպքի վայրում գյուղապետարանի դիմաց են հավաքվել նաև գյուղապետի մարտական ընկերները, ոստիկաններ, գյուղացիներ։ Գյուղացիները բոլորը միաբերան դրական էին խոսում գյուղապետի մասին։ Զինագործ Մինաս ներկայացած տարեց տղամարդը հիշեցրեց, որ նա «կռված տղա» է։ Ի պատասխան հարցի, թե, արդյոք Հրաչ Մուրադյանն ուներ թշնամիներ, գյուղացիներից մեկը նշեց, թե ով թշնամի չունի այս դարում, այս աշխարհում և հիշատակեց ՏԻՄ ընտրություներին Հրաչ Մուրադյանի և մյուս թեկնածուի մրցակցությունը։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին՝ գյուղապետի ընտրություններից ընդամենը 2 օր անց, Tert.am-ը հայտնել էր, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի և պարտված ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ըստ Tert.am-ի տեղեկությունների՝ կողմերի միջև կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը՝ Դանիել անունով, ով ինչպես նշվում է՝ նաև նրա «աջ ձեռքն» էր, իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի՝ արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել:
Դրանից հետո Արթուր Մուրադյանն իր շրջապատի հետ եկել էր «պատասխան պահանջելու» և տեղի էր ունեցել ծեծկռտուքը: Ըստ տեղեկությունների՝ այն ժամանակ ծեծի էր ենթարկվել նաև Պռոշյանի համայնքապետը:
Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատել էին միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, որ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել վիճաբանության մասին և ոստիկանները մեկնել էին դեպքի վայր՝ համապատասխան գործողություններ իրականացնելու:
Նշենք, որ Tert.am-ը հայտնել էր նաև, որ դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջև ըստ գյուղի բնակիչների, պապենական թշնամություն կար, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսևորել:
Հիշեցնենք նաև, որ Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետ էր ընտրվել 1516 ձայնով: Նրա մրցակից Արթուր Մուրադյանը ստացել էր 1214 ձայն: Եվս 67 ձայն ստացել էր Արմենուհի Մելիքյանը:










