Հարցվածների 33%-ը չի հետաքրքրվում Երևանի ավագանու ընտրություններով. Ահարոն Ադիբեկյան

14:02 • 03.04.13

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը երևանցիների հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակի վերաբերյալ մարտի 29-30-ին 1 930 հոգու շրջանակում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ ընտրողների ակտիվ զանգվածը երևանցիների 60%-ն է։ Ավագանու ընտրությունների գործընթացներին հետևում է 67%-ը, և չի հետաքրքրվում 33%-ը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։


Ըստ նրա՝ քաղաքում ոչ բոլորն են պատկերացնում ավագանու ընտրության կարգը, և ճանաչված լինելու առումով առաջին համարներում ներկայացված դեմքերը զիջում են իրենց կուսակցություններին։


«Հարցվածների 82,1%-ը տեղյակ է, որ ընտրություններին մասնակցում է «Հանրապետական» կուսակցությունը, և 73,6%-ը, գիտի, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հաջորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն և վերջինիս ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը։ Հարցվածների 13,2%-ը գիտի, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, և կուսակցության մասնակցության մասին իրազեկվածության մակարդակը 41,2% է։ Ըստ հերթականության՝ իրար են հաջորդում ՕԵԿ-ը և Արմեն Երիցյանը, ՀՅԴ-ն և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ը և Վահագն Խաչատրյանը»,- ասաց նա։


Այլ կուսակցությունների մասնակցության մասին տեղյակ է 0,7%-ը, և այլ կուսակցության առաջնորդի մասին՝ 0,1%-ը, որն Ադիբեկյանը վերագրեց «Առաքելություն» կուսակցությանը։ «Առաքելություն կուսակցությունը չի հաղթահարի 1%-ը, դրա համար մենք չփորձեցինք թուղթ ու անիմաստ թանաք վատնել»,- ասաց նա։