Associated Press գործակալությունն արգելել է «ապօրինի ներգաղթյալ» տերմինը
Associated Press գործակալությունն իր թղթակիցներին խորհուրդ է տալիս զերծ մնալ «ապօրինի ներգաղթյալ» տերմինից այն մարդկանց նկարագրելիս, որոնք ապրում են երկրում առանց անհրաժեշտ փաստաթղթերի, հայտնում է Обозреватель-ը։
Գործակալության ավագ փոխնախագահ և գործադիր խմբագիր Քեթլին Քերոլը դա բացատրում է ներգաղթի թեման ավելի զգույշ լուսաբանելու անհրաժեշտությամբ։
Նա նշում է, որ վերջին շրջանում գործակալությունը մի շարք խնդրանքներ է ստացել «ապօրինի ներգաղթյալ» տերմինից հրաժարվելու վերաբերյալ։ Նման բողոքներ ստացվում են բացառապես ԱՄՆ-ի լուրերի կոնտեքստում, սակայն AP-ում որոշել են պարզաբանել իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
««Ապօրինի ներգաղթյալը» միակ տերմինը չէ, որը մենք օգտագործում ենք»,- ասել է խմբագիրը՝ ավելացնելով, որ այլ ձևակերպումներ նույնպես ընդունելի են, մասնավորապես՝ «մարդ, ով ապրում է երկրում առանց օրինական թույլտվության»։
Հաշվի առնելով քննադատների կարծիքը՝ գործակալությունը խորհուրդ է տալիս իր լրագրողներին այն մարդկանց, ովքեր խախտում են ներգաղթի օրենքները, չանվանել «ապօրինի ներգաղթյալներ»՝ առանց մարդու կարգավիճակի մասին հստակ տեղեկության։










