Ճանաչում և դատապարտում. Մասաչուսեթսի փողոցներում Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել
ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի մի քանի քաղաքներում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ, 20-րդ դարի սկզբի այդ ոճրագործության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Asbarez պարբերականը, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված յուրօրինակ ակցիան կազմակերպել է Peace of Art, Inc («Խաղաղության արվեստ») հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը ամերիկաբնակ հայտնի արվեստագետ Դանիել Վարուժան-Հեջինյանն է:
Վահանակներին փակցված պաստառների վրա գրված է` «Հարգելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը. Ճանաչում և դատապարտում»: Պաստառի կենտրոնական հատվածում արյունոտ մատնահետքերի վրա մեծատառերով նշված է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:
20-րդ դ. առաջին ցեղասպանության մասին հիշեցնող վահանակները տեղադրվել են Մասաչուսեթսի Ֆոքսբորո, Վոթերթաուն և Քեմբրիջ քաղաքներում:
«Այս վահանակների միջոցով մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միջազգային հանրությանը կոչ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել մեղսագործներին»,-ասել է Հեջինյանն ու ավելացրել,-98 տարի է անցել... 1915թ. սոսկալի դեպքերի արյունոտ հետքը դրոշմվել է համաշխարհային պատմության էջերին»:
Դանիել Վարուժան-Հեջինյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում (ծնողները Սիրիա են գաղթել 1915 թ. դեպքերից հետո): 1979 թ-ից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարչի հիմնադրած Peace of Art, Inc կազմակերպությունը 2004թ-ից, Հայոց ցեղասպանության տարելիցներին ընդառաջ, վահանակների միջոցով միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2012թ-ին Peace of Art-ի «մեսիջը» մասնավորաբար ուղղված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Պրն նախագահ, մեջքով մի շրջվեք: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,-գրված էր 2012թ. վահանակների պաստառների վրա:
Այս տարի խաղաղասեր կազմակերպությունը միջազգային հանրությանը նաև կոչ է անում դատապարտել 20-րդ դ. եղեռնագործությունը: «Հայոց ցեղասպանության հարցը միայն հայերի մտահոգության առարկան չէ, այլև յուրաքանչյուրի: Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն է: Եթե այն չճանաչվի և չդատապարտվի, ապա կմնա որպես վերք, որից կշարունակի արյուն հոսել...»,-ասել է Հեջինյանը:
Հավելենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:










