Իսրայելի զինված օդուժը հարված է հասցրել Գազայի հատվածին

08:54 • 03.04.13

Իսրայելի զինված օդուժն ապրիլի 2-ի երեկոյան ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, ինչը 2012թ. նոյեմբերին իրականացված 8-օրյա ռազմական գործողություններից հետո հրեական կողմի առաջին հարվածն էր, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։

 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Պարբերականը նշում է, որ հրեական զինված օդուժի  հարձակմանը նախորդել էր Գազայի հատվածից մի քանի հրթիռների արձակումը, ինչը լուրջ ավերածությունների կամ զոհերի պատճառ չէր դարձել։

 

Հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել է սալաֆիստական  խմբավորումներից մեկը՝ հայտարարելով, որ դա վրեժ էր պաղեստինցի Աբու Համդիեհի մահվան համար, ով ապրիլի 2-ի առավոտյան մահացել է կոկորդի քաղցկեղից։ Պաղեստինի իշխանությունները բազմիցս խնդրել են ազատ արձակել հիվանդ  պաղեստինցուն՝ մարդասիրական մղումներից ելնելով, սակայն մերժում են ստացել։