Մարդկանց առևանգումն արատավորում է «Թալիբան» շարժման հեղինակությունը. մոլլա Օմար

12:40 • 03.04.13

Աֆղանական ծայրահեղականների առաջնորդ մոլլա Օմարը կոչ է արել իր կողմնակիցներին հրաժարվել մարդկանց առևանգումից, ինչը բացասաբար է անդրադառնում «Թալիբան» շարժման հեղինակության վրա, հայտնում է Russia Today-ը։


«Բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն նման հանցագործություններին, արատավորում են մեր կազմակերպության բարի համբավը։ Մենք պետք է գտնենք այդ մարդկանց և վերջ դնենք նրանց գործունեությանը»,- հայտնել է մոլլա Օմարը։

 

Թալիբանների առաջնորդը նշել է ղեկավարների կոնկրետ անուններ, որոնք մեղավոր են «Թալիբան»-ի հեղինակության անկման համար։ Դաշտային հրամանատարներ Հաֆիզ Գուլ Բահադերը և Հաքիմուլա Մեհսուդը զգուշացում են ստացել ղեկավարությունից։ «Նրանք պետք է ենթարկվեն։ Հակառակ դեպքում, մեղավորն իրենք կլինեն»,- ասել է Օմարը։

 

Հոգևոր առաջնորդը հերքել է մարդկանց իրավունքների ոտնահարման բոլոր մեղադրանքները, որոնք «Թալիբան»-ը թույլ է տալիս ռազմական գործողությունների ժամանակ։ «Եթե մեր թշնամիները գերի ընկնեն մեզ, մենք նրանց կտանք բոլոր իրավունքները, որոնք նախատեսված են գերիների համար իսլամական իրավունքով»,- հայտարարել է Օմարը։