Բերդում Ր. Հովհաննիսյանը կոչ արեց Ս. Սարգսյանին միասին գնալ և մինչև կյանքի վերջ ծառայել սահմանին (տարբերակ 10)

10:27 • 03.04.13

Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությամբ ընտրված իշխանության օրոք ոսկե գետեր չեն հոսելու, բայց լինելու է ժողովրդի իշխանություն, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման, մի աղյուս է, որի անկյունաքարի վրա պետք է կառուցվի ազատ և երջանիկ Հայաստանը, այսօր Աբովյանում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերսկսած «բարևի» արշավի շրջանակներում Աբովյան քաղաքում հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: 


«Մի անկյունաքար է Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակը, մյուս անկյունաքարը ՀՀ անկախությունն է, երրորդը պետք է լինի ժողովրդի բացարձակ և անբեկանելի իշխանությունը, չորրորդը օրենքների իշխանությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց ապրիլի 9-ին հավաքվել Ազատության հրապարակում և դնել այդ կարևոր անկյունաքարը և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը «չի ունեցել, չունի և չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ»:


Իր ելույթը Նիկոլ Փաշինյանն ավարտեց իր ավանդական դարձած նախադասությամբ. «Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:


Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր ուղեկցում էին նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ, որոնցից Կարապետ Ռուբինյանն ընդամենը մեկ նախադասություն ասաց աբովյանցիներին:


«Ուղղակի ողջունել և ասել մեկ նախադասությամբ , որ մենք շատ բնական ցանկություն ունենք՝ ապրելու նորմալ երկրում, որ ապահով լինի մեր ընտանիքը, և արդարության մթնոլորտ լինի, նման ձգտում ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները»,– ասաց նա։


Այս ցանկությունը, ըստ Կարապետ Ռուբինյանի, այս անգամ «մարմնավորվել է ի դեմս Րաֆֆիի»։


Նախքան Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տալը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մի խնդրանքով դիմեց աբովյանցիներին: Այն է՝ մեկ մարդու նման ապրիլի 9-ին ժամը՝ 11-ին, լինել Ազատության հրապարակում, քանի որ այդ օրը նոր իրավիճակ, նոր մոտեցումներ են լինելու:


«Տեսնե՛նք, Նոր Հայաստանը ո՞նց է ձևավորվելու և ինչ կերպարով»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:

 

 



10.45 

 

Գտնվում ենք քաղաքացիական առումով Ավագ շաբաթում, սուրբ շաբաթում. Րաֆֆի Հովհաննիսյան



Քաղաքացիական պայքարն այսօր գտնվում է քաղաքացիական առումով՝ Ավագ շաբաթում: Այսօր Աբովյանցիների հետ հանդիպմանը ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։


«Սո՛ւրբ շաբաթ, ուժի՛ շաբաթ, իրավունքի՛ շաբաթ, որը մեզ բերելու է ապրիլ ի 9-ին»,– ասաց «Ժառանգության» ղեկավարը և հավելեց, որ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ այդ օրը չի լինելու մեկի հաղթանակը մյուսի նկատմամբ, այլ լինելու է ժողովրդի հաղթանակը և որ Րաֆֆուց, Նիկոլից, Կարապետից, Զարուհուց և այլ անուններից շատ ավելի բարձր բան կա՝ ՀՀ քաղաքացու պարտականությունն ու իրավունքը , հրահանգը, որ փետրվարի 18–ին տվեց ժողովուրդը։


Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ զինվորներն են այդ հրահանգի կատարող և վստահեցրեց՝ չկասկածել, որ այն ապրիլի ի 9-ին ի կատար է ածվելու: Նա կոչ արեց այդ օրը Ազատության հրապարակում ի մի բերել պայքարն ու ուժերը:


«Քայլ առ քայլ կբացենք ժողովրդի ճամփան և ծրագիրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա ճշմարտության ժամն է. իրենով ու ժողովրդով սկսած, քաղաքական կուսակցություններով վերջացած»:


«Ժառանգության» նախագահը խոստացավ միասին լինել՝ կողք կողքի, և նշեց, որ լավ է, որ մարդիկ իրենց միանում են «տարբեր հետագծերով ու տարբեր գաղափարներով», բայց «գալիս ենք հանրագումարի», ինչի արդյունքում ունենալու ենք ինքնիշխան և երջանիկ Հայաստան։


Իր ելույթը «Ժառանգության» առաջնորդն ամփոփեց՝ ասելով, որ խոնարհվում է աբովյանցու իրավասիրության և իրավատիրության առաջ:


Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Գեղարքունիքում և Սյունիքում եղել են տեղեր՝ տեղամասեր, որտեղ համատարած «կեղտոտ, հակահայկական,հականժդեհական, հակաքրիստոնեական» ընտրախախտումներ են եղել, բայց այդ վայրերում է, որ ըստ նրա՝ երևաց « իշխանակարգի վախը, հոգեվարքը, վերջին րոպեները»:



Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց ընտրակեղծարարների ձեռքը բռնած մի աղջկա նկատմամբ կատարված ճնշումները: «Պատին դեմ են տալիս խեղճ աղջկան, ոստիկանպետով, համայնքապետի որդով, անամոթ վարքով»,- մանրամասնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

  


11.39

Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Հաճընում խոսել է «խեղկատակների, կեղտոտ գյադաների» մասին


Քաղաքացիական շարժումը ենթադրում է թե՛ գարուն, թե՛ աշուն, մեկ-մեկ էլ ձմեռ, և Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է բոլոր եղանակներին՝ պայքարի համար, այսօր Նոր Հաճընում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և նշեց, որ, անպայման, լինելու է «Նիկոլ Փաշինյանի ասած երջանկությունը», «Հանրապետականի իրական, բայց փոքրամասնության մեջ գտնվող իրական ազգային նժդեհականը, ոչ թե մնացած խեղկատակները, կեղտոտ գյադաները և ամենակարևորը՝ հայ ժողովրդի քաղաքացու փետրվարի 18-ին արտահայտված կամքի իրականացումը:


Նա նշեց, որ ինչպես և Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում, ուր ուղևորվում է , դրսևորվել են հակահայկական, հականժդեհական ու հակաքրիստոնեական ընտրախախտումներ և ավելացրեց։


«Այս քաղաքապետը, այս ոստիկանապետը, այս մարզպետը, բոլոր նման մարդկանց հետ մեկտեղ, թող «հայրենասիրական» իրենց ճառերն ասեն, Ադրբեջանի ու (Աբուլֆազ) Էլչիբեյի մասին թող իրենց պահեն (ելույթները–Tert.am)»:

 


Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով մի շարք լրատվամիջոցների, առաջարկեց նաև «պարոն Լիսկայի» (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի –Tert.am) մեղսակիցը չդառնալ իր հորը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին, հարվածելու համար:


«Այն հորը, որ պաշտպանել է հայոց իրավունքը, Հայ դատը, մեր երկրի անցյալի ամբողջականությունը՝ Հաճնի, Զեյթունի, Խարբերդի, և արդի Հայաստանի՝ արժանապատվությունը: Եթե սա է մնում ձեզ, այդ վերջնախաղում, դուք որոշեք՝ ուզո՞ւմ եք կեղծ հայրենասերներին, իրավախախտ մարզպետների ճամփան բռնել, ազատ խոսքի պատրանք տալ, խնդրեմ, ես ձեզ կպաշտպանեմ»,– ասաց նա:


«Ինչ ուզում եք՝ ասեք, բայց ով տպեց սուտը, ով կրկնեց կեղծիքը, ինքը նույն դատարանի, հայ ժողովրդի ճշմարտության, մեր ժողովրդի իրավունքի դատարանի առաջ պետք է կանգնի»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:


Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ Գեղարքունիքը այն չակերտյալ առաջատար մարզերից մեկն է, որի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասել էր՝«Րաֆֆին ո՞վ է որ»: Նա ասաց, որ թող ասի, բայց չհամարձակվի նույն բանն ասել ժողովրդի մասին. Ժողովուրդն ով ո՞ր:



«Թող պարոն Լիսկայի փխրուն հոգին շատ չցավա, նա, ով չկարողացավ ժամադրություն պահել ինձ հետ գլուխ ջարդելու, մի քանի լեզվանի ուսուցիչ ուղարկեց իր փողերի խաթեր, թող գա: Բայց ինքը միակը չէ, խեղճը չմտածի, որ միայն իր մասին է խոսքը … դա վերաբերում է Գեղարքունիքի մարզպետին նույնպես, լիքը այլ մարզպետների, ամեն ինչ փոխվելու է, վերից վար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:



Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սևանում միջադեպ էր տեղի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի և մի խումբ անձանց հետո, որոնց, ըստ Րաֆֆի հովհաննիսյանի, ուղարկել էր Սևանի քաղաքապետը:


Նա կոչ արեց այս անգամ նման ճնշումներ չբանեցնել, չմտնել տոնավաճառներ, շուկաներ ու այդ մարդկանց չսպառնալ:


Ի ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այլևս վերջացել է խոսքի ժամանակը, եկել է գործի ժամանակը և «այսօր և վաղը, մինչև ապրիլի 9-ը գործի ժամանակն է: Ուզո՞ւմ ենք հաղթանակ, կունենանք, բայց ոչ թե իմ կամ ձեր խոսքով այլ գործով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
 

 


13.33

 

ՀՀ քաղաքացին արյուն ուրացող չի, որ Սերժ Սարգսյանին ձայն տա. Նիկոլ Փաշինյան


Երբ թվում էր, որ ստեղված էին բոլոր նախադրյալները, որ ՀՀ քաղաքացին ու ժողովուրդը պետք է պարտվեին, փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացիները մի շատ կարևոր բան ապացուցեցին՝ բոլորի համար անսպասելի հաղթելով, Մարտունիում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացին արյուն ուրացող չի, որ 2008թ. Մարտի 1–ից հետո Սերժ Սարգսյանին ձայն տա:


«Եվ էս ընտրությունները ցույց տվեցին մի բան, որ հայ ժողովուրդը ոգեղեն ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է, հաղթող ու հաղթած ժողովուրդ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն ինչ-որ առումով համամիտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են նորանկախ Հայաստանի պատմության մեջ:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ ժողովուրդը դե յուրե կարձանագրի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, այդ ժամանակ դրանք, իրոք, կդառնան լավագույն ընտրությունները: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, ըստ նրա, չի կարելի, առհասրաակ, ընտրություն անվանել, այլ՝ իշխանության բռնազավթում:


«Եվ պետք է գնանք ապրիլի 9-ին հրապարակ՝ ցույց տալու համար, որ մեզ պատկանող իշխանությունը հնարավոր չէ բռնազավթել: Ես համաձայն չեմ, որ ՀՀ քաղաքացուն որևէ մեկը կարող է վախեցնել: Եվ ես էստեղ եմ, որովհետև ՀՀ քաղաքացին անվախ է, այդ թաղաքացին պայքարել և հաղթել է սովետական բռնապետության դեմ պայքարում, պայքարել և հաղթել է թշնամու դեմ, պայքարել և էդ քաղաքացին, պայքարելու ու հաղթելու է բռնապետության դեմ պայքարում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


«Ես Աբովյանում էլ ասացի, որ նախագահական ընտրություններին քաղաքական մակարդակով ես Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չեմ պաշտպանել, բայց երբ ես մյուս օրը տեսա, որ իրողությունը հետևյալն է՝ մի կողմում կեղծիքի, օլիգարխիայի կատարած ընտրությունն է՝ ընտրակեղծարարությունը, մյուս կողմում՝ ժողովրդի ընտրությունը, ինքս ինձ հարց տվեցի, այսինքն՝ հարց չեմ տվել, արել եմ այն, ինչ պետք է անեի՝ եկել եմ կանգնել, ժողովրդի ընտրության կողքին»- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


 13.50

 

Չկան օրենքի բարքեր, կա գողական ու թուրքամետ քաղաքականություն, մարտունեցի երիտասարդ


Եթե մենք ապրեինք Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Անգլիայում, ապա ժողովուրդը կաներ իր ընտրությունը և իրենից էլ ոչինչ չէր պահանջվելու իշխանափոխության համար, բայց մենք ապրում ենք Հայաստանում՝ «քրեաօլիգարխիկ մի երկրում, որտեղ չկան օրենքի բարքեր և կա գողական ու թուրքամետ քաղաքականություն, Մարտունիում հայտարարեց Արբակ Հակոբյան անուն–ազգանունով մի քաղաքացի, ում հանրահավաքը վարող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ներկայացրեց որպես Մարտունիում ծնված, մեծացած, կրթություն ստացած երիտասարդ:


Արբակ Հակոբյանը նշեց, որ այս իշխանությունները վախեցնում են ժողովրդին ու «հորթի տեղ են դնում», փորձում են ճնշել, ամեն քսան րոպեն մեկ պետական հիմնարկներում ներկա-բացակա են անում, որպեսզի մարդ չբացակայի, հանրահավաքի չգա:


«Չհավատաք էդ շակալներին, նրանք մեր պետականության հիմքերը խարխլողներն են, նրանք մեզ հորթի տեղ են դրել, բայց մենք հորթ չենք, մենք պայքարի հետ ենք»,- դիմելով իր հայրենակիցներին՝ ասաց նա և կոչ արեց, որ բոլորն իրենց բարեկամներին, հայրերին, որդիներին, եղբայրներին հորդորեն դուրս գալ և պայքարել, «ցույց տալ ֆիզիկապես, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ են, որ դեմ ենք էս բարքերին, էս իշխանությանը»:


Արբակ Հակոբյանը նշեց, որ Մարտունին այսօր Հայաստանի ամենաշատ արտագաղթող մարզերից մեկն է, որտեղ միայն գործում են դեղատներն ու դագաղի խանութները:


Արբակ Հակոբյանի ելույթից հետո Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ Արբակի նման երիտասարդն է իսկական Մարտունին, նրա շուրթերով հնչեց Մարտունու արժանապատվությունը,և ոչ թե մարզպետի, որը, Ռուբիկ Հակոբյանը վստահ է, որ սևանցիներին այս անգամ էլ ասելու է, թե Ռուբիկ Հակոբյանը իրենց տականք է ասում:


Հիշեցնենք, որ Սևանում Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հանդիպման ժամանակ միջադեպ էր գրանցվել, քանի որ ինչ-որ մարդիկ քրեական հակումներ ունեցող տարրերին ասել էին, որ Ռուբիկ Հակոբյանը իրենց անվանել է վախկոտ, ոչ տղամարդ, որը «շալվար հագնելու իրավունք չունի»:


 


14.42


 

Հայաստանն այսօր անկասելի ընթացքի մեջ է. Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է Մարտունիում


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտունեցիների հետ հանդիպմանը նրանց կոչ արեց որոշել, թե ում քաղաքացին են Հայաստանի Հանրապետության, թե նրա խոսքով՝ նախկին նախագահի, որովհետև, ըստ նրա, այսօր Հայաստանը անկասելի ընթացքի մեջ է։


«Հիմա դուք որոշեք, թե ում քաղաքացին եք՝ Հայաստանի Հանրապետության, թե նախկին նախագահի, նախկին մարզպետի, ոստիկանապետի, թե չգիտեմ էլ ում»,- հարցրեց նա։


Հավաքվածները բացականչեցին՝ «Հայաստանի», որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց, որ այդ դեպքում ապրիլի 9-ից պետք է առաջնորդվեն Սահմանադրությամբ և իրավունքով և խոստացավ, որ այսուհետև իրենք չեն լքելու ժողովրդին և առաջնորդվելու է միմիայն նրանց շահով։


«Ով կանգնեց ձեր առջև, ճանապարհ փակեց, զանգեք, նկարեք ձեզ խոչընդոտողին, և ինքը պատասխան կտա, որովհետև այն ընթացքը, որ Հայաստանն է այսօր, անկասելի է, որովհետև անձնավորված չէ, որովհետև Րաֆֆուց, Ռուբենից, Կարապետից, Արմենից, Նիկոլից, մեր բոլորից բարձր է քաղաքացին»,– ասաց նա։


«Այս հավաքականը ժողովրդի հավաքականն է, պատրաստ է ծառայել ձեզ, մինչև մեր երկրում հնչի իրավունքի, արդարության, ազատության, երջանկության ժամը։ Մենք դա բերելու ենք Մարտունի։ Մարտունին պետք է որոշի, ինքը ուզում է դա բերել Վարդենիս, Սևան, Ճամբարակ և Գավառ, դուք որոշեք, ուզո՞ւմ եք, թե ոչ»,- կրկին հարցրեց նա։


Հավաքվածները վանկարկեցին՝ «Հաղթանակ»։ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացրեց, թե այդ դեպքում պետք է միասին գործեն։
«Ապրիլի 9-ին ով Հայաստանի քաղաքացի է, ով պաշտում է ոչ միայն Աստծուն, այլ նաև հայրենիքին և իր իրավունքը, իր երեխայի ապագան մեր հողի վրա, կլինի մեզ հետ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ դրույթը, թե ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է, սխալ է։


«Հաղթանակ կամ ոչինչ, ժողովրդի հետ, կամ ոչինչ»,- ասաց նա և նշեց, որ ապրիլի 9-ին ոչ թե 30 կամ 30 000 հոգով, այլ 3 մլն-ով են բերելու հաղթանակ։ «Ամեն ինչ փոխվելու է, նախագահություն, մարզպետարան, քաղաքապետարան, ամեն ինչ փոխվելու է և դառնալու է ձեզ հաշվետու։ Դուք որոշեք, ապրիլի 9-ին ոտքով կլինի, ավտոբուսներով, «մարշուտկայով», ինչ  որոշեք, այլ ճանապարհի չսպասեք, գարունը ձեր մեջ է, ուրիշ տեղ չկա, ապրիլի 9-ին կամ նոր Հայաստան կամ ոչինչ»,- նշեց նա։


Ի դեպ, մինչ այս Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից, ով ըստ նրա, ստիպել է սահմանին կանգնող քաղաքացուն կեղծել ընտրությունները։


«Ես էլ ժամանակին մտածում էի, որ ձեր մարզպետը կարգին մարդ էր, պատգամավոր, բարեհամբույր, բայց հենց նա տարավ բնակչությանը կեղծ ընտրության։ Մարտունի, Սևան, Գավառ, Ճամբարակ, որն Արծվաշենի առաջ է կանգնած սահմանին, տարաք կեղծ քվեարկության։ Նախ` իմ համար եմ ցավում, հետո իր համար։ Ինքը կարող է ասել, թե «Րաֆֆին ո՞վ ա», բայց ժողովրդի նկատմամբ չի կարող։ Րաֆֆու նկատմամբ ինչ ուզում եք ասել՝ ասեք, բայց ժողովրդի նկատմամբ ի՞նչ քարոզներ եք կարդում՝ հայ ժողովուրդն ով ա, Րաֆֆին ով ա ... ամո՛թ ձեզ»,- վրա բերեց նա և ավելացրեց, որ հաղթանակն արդեն ժողովուրդը տվել է ինքն իրեն նույն Մարտունիում, Գավառում, Սևանում և Ճամբարակում։


Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցեցին Սևան «Հաղթանակ» վանկարկելով։
 


15։46

Սևանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել են, թե ինչու հրաժարվեց իր մտքերից ու հացադուլից

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում վերսկսված «Բարևի» արշավով այցելած Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո նրան մոտեցան մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը հարցրեց, թե ինչու նա «հրաժարվեց իր մտքերից ու հացադուլից»։
Րաֆֆի Հովհաննիսյանը նրան բացատրեց, որ իր մտքերից չի հրաժարվել, ինչ վերաբերում է հացադուլին, ապա սկսել է «կեղծիքադուլով», իսկ վերջին շաբաթին ծոմով:


«Եվ ես որոշեցի, որ մինչև ապրիլի 9-ը, եթե կամենաք դուրս գալ անցյալի կաղապարներից, այնպես անել, որ, վերջապես, ունենանք ոչ թե կուսակցական, հռետորաբանական Հայաստան, այլ Հայաստան, որ պատկանում է մեր երկրին ու մեր ապագային»,- երիտասարդին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նաև հարցրեց հարց տվող երիտասարդի անունն ու թե ինչով է նա զբաղվում:


Երիտասարդը ներկայացավ որպես Կարեն Ժամհարյան, ով այժմ ուսանող է: Նրան Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց, որ հիմա ամեն հայ մարդ իր զոհողությունը պետք է ունենա, որ Հայաստանը դառնա քաղաքացու հաղթանակն ու ազգային շահը հարգող երկիր:


Այս հարցուպատասխանից հետո, որին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ենթադրում է, թե երիտասարդը որ շրջանակներից է և նշեց, որ լավ կլինի ու հեռացավ:


Սրանից հետո եկավ հանրապետական կրծքանշանով այլ տղամարդ, ով հայտարարեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ լինելով տեսել է, թե փետրվարի 18-ին «21-րդ դարին համահունչ» ինչ ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել և թե ինչքան հոյակապ անձնավորություն է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:


Այս հայտարարությունները հունից հանեցին հանրահավաքի ընդդիմադիր հատվածին, որոնք վրդովված ուզում էին վռնդել ՏԸՀ նախագահին, սակայն շարքերից նրանց պահեցին, իսկ տղամարդը սեփական նախաձեռնությամբ հեռացավ:


Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սևանում հանդիպումը, ինչպես պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, միայն պատահականությամբ չէր ավարտել արյունահեղությամբ, քանի որ ինչ–որ մարդիկ տեղի քրեական տարրերին ասել էին, թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նրանց թուրքեր, «ոչ տղամարդիկ» է անվանել:


«Անցած անգամ, որ Սևանում էի, պատվով հարգանքով բարևեցի քաղաքապետին, ինքը դուրս էր եկել, իրենք իրենց շակալներին, իրենց ոճրագործ կրիմինալին անգամ իրենց մանկավարժներին, ուսուցիչներին անգամ ուղարկում են իրենց փոխարեն. վախկոտներ, հայրենա… կեղծ հայրենապաշտներ, կեղծ նժդեհական, ժողովրդի թալանած, արյունը խմած, սեփականությունը իրացրած պաշտոնյաներ։ Եվ ես հարգեցի իրեն, բայց այդ հարգանքի փոխարեն ինքն ի՞նչ արեց»,- ասաց նա։


Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ մի կին կար սևանցի, որը «ռիսկ արեց բոլորի փոխարեն ներողություն խնդրել և նշեց, որ ինքը համաձայն չէ պնդման հետ, թե «Ժառանգության» առաջնորդը ընտրակեղծարար է:


«Եվ էդ կյանք տեսած, հարուստ , միլիոնատեր մարդը, ով հիմա հրահանգում է ոստիկաններին, ով մտնում է խանութից խանութ, վախեցնում մարդկանց, (որ չգնան հանրահավաքի), ասելիք ուներ, թող ինձ ասեր»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանում ապրելու 25 տարիներին իր հասցեին հազար ու մի սուտ ու ճիշտ են ասել, բայց ինքը դատարան չի դիմել:


«Իսկ ինքը այդքան ողնաշարով, հեղինակությամբ, «ավտարիտետով» գնում է դատախազություն»,- ավելացրեց նա՝ հարցնելով, թե ինչպես կարելի է դատի տալ մի կնոջ, ով ճշմարտությունն է ասել։


Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ ինքը որևէ մեկի վատը չի ցանկանում, հարգում է բոլորին, բայց թող ներեն իր բառերի համար. ինքը «ոչ մեկի հարիֆը չէ»։ Ոչ էլ ժողովուրդն է ինչ-որ մեկի «հարիֆն ու ստրուկը»:

 


17։26

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակ իմ չգալը կարող է Ս. Սարգսյանին մտածելու առիթ տա, որ համակերպվել եմ իր բռնապետությանը. Ն. Փաշինյան

Իջևանում ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով ընդգծեց, որ ծնունդով իջևանցի լինելով ինքը հպարտանում է, որ այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է նախագահական ընտրություններին և կոչ արեց, որ բոլորը ապրիլի 9-ին գան Ազատության հրապարակ։

«Պաշտոնական արդյունքներով փետրվարի 18-ի ընտրություններին Իջևանում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը և այսօր ուզում եմ ասել, որ որպես իջևանցի հպարտ եմ դրա համար և ծափահարում եմ Իջևանին այդ հաղթանակի կապակցությամբ»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը կրկին տեղեկացրեց, որ ինքը, թեև Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից չէ, նրա քաղաքական թիմում չի եղել, բայց այսօր նրա կողքին է կանգնում և մասնակցում է հետընտրական գործընթացներին, քանի որ իր պարտքն է դա։


«Իմ ծննդավայրի քաղաքական որոշումը, որն, ի վերջո, հանրապետության որոշումն է, ես չեմ կարող անմնացորդ չնվիրվել այդ հաղթանակի պաշտպանությանը, և ես այստեղ եմ ծառայելու ձեր որոշմանը, Ազատության հրապարակում եմ եղել ձեր որոշմանը ծառայելու, և ապրիլի 9-ին առավոտյան Ազատության հրապարակում եմ լինելու, էլի ձեր վճռին և որոշմանը ծառայելու համար, որովհետև ՀՀ ժողովուրդը հաղթել է նախագահական ընտրություններում, իսկ նրանք ովքեր հարգում են ՀՀ Սահմանադրությունը, պետք է հստակ կանգնեին ժողովրդի կողքին»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա կոնկրետ օր, կոնկրետ ժամ և ապրիլի 9-ին առավոտյան 11-ից բոլորի պարտքն է լինել Ազատության հրապարակում։


«Ժողովուրդը պետք է ցուցադրի իր կամքը ևս մեկ անգամ։ Ես լինելու եմ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում, բայց այստեղ կա հարցի հակառակ կողմը։ Ազատության հրապարակում ես լինելու եմ ոչ թե միայն նրա համար, որ պարտավոր եմ պաշտպանել ժողովրդի ընտրությունը, այլև նրա համար, որ իմ Ազատության հրապարակում իմ չլինելը կարող է Սերժ Սարգսյանի մտածելու առիթ տա, որ ես համակերպվում եմ իր բռնապետության հետ, իր բռնակալական իշխանության հետ, չի եղել նման բան և չի լինելու»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուրը պետք է խոսի իր անունից։


«Եվ սա մի փուլ է, որ յուրաքանչյուրը պետք է խոսի իր անունից, Ազատության հրապարակում եմ լինելու ցույց տալու, որ ոչ միայն չեմ համակերպվել, այլ պայքարելու եմ քոչարյանասերժական բռնապետությունը ՀՀ-ից արմատախիլ անելու համար»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ապրիլի 9-ին ոչ մի սարսափազդու բան տեղի չի ունենալու։ «Ոչ մի ցնցում, բախում տեղի չի ունենալու, ուղղակի Կապանի ժողովուրդը, Իջևանի, Գյումրիի, Աբովյանի, Նոր Հաճընի, Աշտարակի, Երևանի, ՀՀ ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը, որ նա տարել է փետրվարի 18-ին։ Եկեք այդ տոնախմբությանը մասնակցելու, աշխարհին ի ցույց դնելու, որովհետև այդ օրը շատ բան է որոշվելու, այդ օրը ևս մեկ անգամ հաստատելու ենք, որ մենք ու մեր երեխաները չենք ապրելու բռնապետական երկրում»,- ասաց նա։


Փաշինյանը նշեց, թե իրենց հարցնում են, թե այդ օրը ինչ է լինելու և պատասխանեց, որ ոչինչ էլ չի լինելու, քանի որ արդեն փետրվարի 18-ին եղել է։


«Ամեն ինչ արեցին, որ ժողովուրդը պարտվի, բայց ժողովուրդը կրեց իր ամենամեծ հաղթանակը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չկար քաղաքական հզոր դաշինք, ժողովուրդն առանց որևէ մեկի ուղղորդման կայացրեց իր որոշումը, որ ինքն է ՀՀ տերը, ՀՀ քաղաքացին»,- ասաց նա։


Իսկ հրապարակում քիչ իջևանցիների թիվը նա հուսաց, որ պայմանավորված է նրանով, որ «գործերը դասավորում են, որ ապրիլի 9-ից լինեն Ազատության հրապարակում, թեկուզև ոտքով»։


 

18.00

Սասուն պապի մորուքը վկա, Իջևանը պետք է մյուս քաղաքների հետ միասին որոշի. Ր. Հովհաննիսյան


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունների այսօրվա կանգառներից մեկում՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հայտարարեց, որ Իջևանը պետք է Մարտունու, Գորիսի, Կապանի և մնացած բոլոր քաղաքների և գյուղերի հետ միասին որոշի և ապրիլի 9-ին ցույց տա, որ ժողովուրդն իր քվեի տերն է: «Սասուն պապի մորուքը վկա»,- ասաց նա՝ ձեռքով ցույց տալով այսօր իրենց ուղեկցող Սասուն պապին, ով Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի 21–օրյա ցույցերի ժամանակ գրեթե միշտ եղել է նրա կողքին:


«Իջևանը արդեն հին քարվանսարա չէ, և ով կասկածում էր Իջևանի հաղթանակի, դուխի, միասնության մեջ, կարող է նայել Փաշինյանի վրա, Աչաջուրի վրա, և կհասկանա, որ Իջևանը ոչ մեկի ստրուկը չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ իջևանցիներն իրենց ներկայությամբ փաստեցին, որ Իջևանն անգամ իշխանական տվյալներով հաղթած քաղաք է, և Տավուշը ոչ մեկի ենթական չէ: Իջևանն ասել է, որ սա իր հայրենիքն է:


Հովհաննիսյանի խոսքով՝ այդ քաղաքը կարիք չունի հազարավոր մարդիկ հավաքել, որ ասի՝ դա քարվանսարա չէ: «Յա՛ն տվեք ձեր սուտ քարոզներով, որովհետև սա իմ Իջևանն է, որ մեր երեխաների ապագայի համար բարձրաձայն և թաքուն, ասել է, որ այդ հայրենիքը քո մեյդանը, քո բոստանը չէ, և մեզ չհաշվե՛ք ոչխարի նման»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով իշխանություններին:


«Ժառանգության» առաջնորդը կոչ արեց ժողովրդին իր համար որևէ բան չանել, և եթե նրանք ուզում են, կփոխեն, չեն ուզում՝ ապրիլի 9-ին բոլորով կգնանք և մեր չար բախտը կանիծենք: «Իմ ուզելը, Փաշինյանի ուզելը, մնացածի ուզելը բավարար չէ, դուք ուզեցիք փետրվարի 18-ին»,- ասաց նա:


Րաֆֆ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մարզի սահմանամերձ Չինարի գյուղին և ասաց. «Չինարիում, Նոյեմբերյանի սահմանում ոչ մի զոհ չենք տալու, ոչ մի զոհ չենք տալու ներսում, ինչպես երեկ անամոթաբար Պռոշյան գյուղում տվեցինք»:
Ելույթից հետո նրան մոտեցավ Դավիթ Սահակյան անուն–ազգանունով մի քաղաքացի, ով ներկայացավ որպես «Համերաշխության» շարժման և կուսակցության ներկայացուցիչ, 4 երեխաների հայր, և խորհուրդ տվեց նրան, որ հանուն ազգի համերաշխության և շահի մի սեղանի շուրջ նստեն և բանակցեն Սերժ Սարգսյանի հետ: Ի պատասխան քաղաքացու կոչին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Այս մարդը եկել է հրապարակ, բայց կարող էր չգալ, շնորհակալությո՛ւն: Բայց հիմա պահն է, որ գործող իշխանությունը նույնպես լրջագույն վերաբերվի Ձեր առաջարկին: Գնացե՛ք հրապարակավ պարոն Սարգսյանին դիմեք»:
 


Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժեշտ տվեց իջևանցիներին և ճանապարհը շարունակեց դեպի Բերդ, որը կլինի այսօրվա վերջին կանգառը:


19.43
Բերդում Ր. Հովհաննիսյանը կոչ արեց Ս. Սարգսյանին միասին գնալ և մինչև կյանքի վերջ ծառայել սահմանին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների այսօրվա վերջին կանգառը Տավուշի մարզի Բերդ քաղաքն էր, որտեղ նա իր ելույթում կոչ արեց Սերժ Սարգսյանին իր հետ միասին գնալ և մինչև կյանքի վերջ ծառայել սահմանին: «Երբ ինձ տվեցին Հայաստանի անձնագիր, ես զինկոմ նամակ գրեցի, այն ժամանակ Քոչարյանն էր նախագահ, և ես ընդդիմանում էի նրան, քանի որ ինքը սխալ էր, ասի, որ ես քաղաքացի դարձա, ուղարկեք ինձ ճակատ, պարտականությունս կատարեմ հայրենիքիս նկատմամբ, ասացին, որ տարիքս անցել է: Բայց հիմիկվանից ես ասում եմ, որ եթե պետք է պարոն Սարգսյան, ես և դուք միասին գնանք այս սահմանի վրա մինչև կյանքիս վերջը ծառայենք, ժողովրդին ազատ թողնենք»,-հայտարարեց նա:


Խոսքն ուղղելով Բերդի բնակիչներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Մարդկանց շատը, քիչը կապ չունի, հրաշք քաղաքացիներ, մենք եկանք ոչ թե ժողովուրդ հավաքելու, այլ մեր հարգանքի տուրքը մատուցելու համար: Չկարծեք, որ գալիս ենք Բերդ ձեզ շողոքորթելու համար, սա ձեր գործն է»:


Անդրադառնալով Բերդ կատարած իր նախորդ այցելությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ անցած անգամ, երբ ինքը որոշել էր վերադառնալ սարի ճանապարհով, մարդիկ իրեն զգուշացրել էին, որ այդ ճանապարհն անանցանելի է, և նրանք ճիշտ էին ասում: «Մեր ոստիկանները մեզ ուղեկցեցին մինչև Երևան, և մենք շնորհակալ ենք դրա համար, բայց նաև չենք մոռանա, որ որոշ մարդիկ կան, որ մեր ոստիկանին, մեր զինվորին ուզում են տանել կեղծիքի»,- ասաց նա և հարց ուղղեց իշխանություններին. «Մեր հպարտության տղաներին ո՞ւր տարան, ի՞նչ արեցին, մեր երեխաներին տանում եք կեղծիքի՞, ստի՞, դա՞ եք դաստիարակում նրանց»:


Վերջում ամփոփելով իր այսօրվա մարզային այցելությունները՝ Civilnet.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր այցելությամբ մարդկային և ազգային բոլոր եղանակներն է ապրում, և այսօր հասկացավ, որ ժողովուրդը քանակով և որակով արդեն ասել է, որ գտնվում է փառքի ճամփին: «Ես հույս ունեմ, որ ժողովրդի այդ ջերմության մեկ տոկոսը կվերադարձնեմ նրանց»,-եզրափակեց նա:


 


Հանդիպումը ներկայացնում ենք ուղիղ եթերով, այն ընդհատվում է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է բնակավայրից բնակավայր, իսկ այդ ընթացքում ցուցադրվում է նախորդ հանդիպման տեսագրությունը։



Ուղիղ եթերը՝ Civilnet.am–ի

 
Video streaming by Ustream