Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ բնապահպաններն ուշադրություն են հրավիրում իրենց հուզող խնդիրների վրա (լուսանկարներ)
Ապրիլի 7-ից կտրվի Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, որի ընթացքում կներկայացվեն ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:
Քանի դեռ դրանք ներկայացված չեն, բնապահպանները չեն կարող ասել, որ կուսակցության ծրագիրն են պաշտպանում, սակայն Tert.am-ի հետ զրույցում բնապահպաններ Ապրես Զոհրաբյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հայտնեցին, որ ծրագրերից ակնկալում են համակողմանի մոտեցումներ և լուծումներ առաջին հերթին մայրաքաղաքի քաղաքաշինական, ապա՝ բնապահպանական խնդիրների մասով՝ նկատի ունենալով վերջին շրջանում մայրաքաղաքի բնապահպանական հիմնախնդիրների ակտիվությունն ու հնչեղությունը:
Ըստ Կարինե Դանիելյանի՝ Երևանի թիվ մեկ խնդիրը ֆոտոքիմիական թունամշուշն է, որը ստացվում է քաղաքներում արտանետումների՝ արևի ճառագայթների ներքո քայքայումից, երբ թթվածնի հետ միանալով, դառնում է շատ ավելի թունավոր, ռադիկալ թթվածին պարունակող նյութ՝ ֆոտոքիմիական թունամշուշ: Դրա ցուցանիշներն են՝ օզոնի, ազոտի օքսիդների և փոշու առկայությունը:
Ըստ բնապահպանի՝ ներկայում ներկայացվում է փոշու այլ ցուցանիշ, ինչը պայմանավորված է նրանով, որ հիմա այս ցուցանիշի հաշվարկը ավտոմատացված է կատարվում՝ առավոտյան, ցերեկը և գիշերը, ինչի արդյունքում ներկայացվում է նախկինի համեմատ միջինացված ու ավելի ցածր ցուցանիշ, որի հետ Կարինե Դանիելյանը համաձայն չէ:
Բնապահպան Ապրես Զոհրաբյանն ավելի հակիրճ գտնվելով՝ ասաց, որ չի կարելի հանդուրժել մի վիճակ, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ նախկին Երիտասարդական պալատի տեղում գործի «բաց հանք», որտեղ բազալտը մանրացնում են ու վաճառում:
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի նախագահ Հրաչիկ Պողոսյանը, առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, որ անթույլատրելի է քաղաքի կենտրոնում «բազալտի խճի բաց հանք շահագործելը»:
Հիշեցնենք, որ դեռևս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք Երիտասարդական պալատի տեղում նոր շինության նախագծի մրցույթում ճապոնացի ճարտարապետի հաղթող ճանաչվելուց հետո հայտնի դարձավ, որ չկա ոչ ճապոնացին, ոչ նախագիծը, ոչ էլ նոր շինություն կառուցելու մտադրությունը, ու այդպես՝ վիճակն օդում կախված մնաց:
Tert.am-ի հետ զրույցում Հրաչիկ Պողոսյանն ասաց, որ չորս-հինգ ամիս առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նամակ է հղել Երիտասարդական պալատի նախկին սեփականատեր «Արմենիա մոթորս» ընկերության սեփականատեր Էդուարդ Ավետսիսյանին: «Բովանդակությունը հետևյալն էր, որ Դուք տիրապետում եք ինչ-որ մի շենքի, ունեք ժամկետներ, և դրանցում չեք անում այն, ինչ պետք է անեիք: Ուրեմն ասեք՝ ինչ եք մտադիր անել: Իսկ եթե չեք անում, այն ժամանակ թող պետությունը Ձեզնից վերցնի էդ հողը ու տա ուրիշին, որ նա անի: Ու պատասխանն էլ, ոնց հասկանում եմ՝ այնքան էլ լուրջ չի եղել»,- նամակի բովանդակությունը հակիրճ ներկայացրեց Հրաչիկ Պողոսյանը:
Նշենք, որ Tert.am–ը ևս փորձեց կապվել ընկերության որևէ ներկայացուցչի հետ՝ պարզաբանումներ ստանալու, սակայն ընկերությունից հայտնեցին, որ կպատասխանի միայն տնօրենը, որը տեղում չէր:
Հրաչիկ Պետրոսյանն այս իրավիճակը անթույլատրելի է համարում, ըստ որում, ոչ միայն Երիտասարդական պալատի մասով, այլև քաղաքի կենտրոնում հսկա կիսակառույցներ ունենալու:
«Օրինակ՝ «Սևան» հյուրանոցի տեղը նույն բանն է, ինչ Երիտասարդական պալատինը, կայարանամերձ հրապարակը՝ նույնը: Ճիշտ է՝ սեփականատիրոջ իրավունքներ կան, բայց քաղաքն իր շահերն ունի: Քաղաքն էլ քաղաքացիներ ունի, չէ՞», տենց ո՞նց կլինի»,- ասաց ՀՀԿ ավագանու անդամը:
Նա այն կարծիքին է, որ եթե մասնավորը տարիներ շարունակ չի կառուցում այն, ինչ պարտավորվել էր, ապա քաղաքապետարանը պարտավոր է դրան անդրադառնալ: Այս ամենը ճարտարապետն ամփոփեց մեկ խոսքով՝ «վիճակը վիճակ չէ», ու ասաց, որ «քաղաքը տենց բաներ չպիտի ունենա»:
Նույնը վերաբերում է նաև նախկին «Այրարատ» կինթատրոնին, որի վերաբերյալ ճարտարապետն առանց այլևայլությունների ասաց, որ ոնց որ «քրդի բազար լինի»՝ լաթապատ ու սև: «Կարելի՞ է բա տենց բան քաղաքի կենտրոնում հանդուրժել, հո մենակ բակերը չե՞ն, փողոցները չեն»,- հարցրեց ճարտարապետը:
Նա նշեց, որ այս ամոթալի վիճակը առկա է այն պայմաններում, երբ Երևանում անցկացնում են «Ոսկե ծիրան« կինոփառատոն, ու մայրաքաղաքում ընդամենը մեկ-երկու գործող կինոթատրոն կա:










