Մոմավառություն Ազատության հրապարակում՝ ի հիշատակ օրերս սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի

20:45 • 04.04.13

Ազատության հրապարակում քիչ առաջ տեղի ունեցավ մոմավառություն, որը նվիրված էր Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկի՝ Հրաչ Մուրադյանի հիշատակին, ով երկու օր առաջ սպանվել էր Պռոշյան գյուղում:

 

Ի լրումն մի շարք քաղաքացիների, մոմավառությանը մասնակցում էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանը և մի շարք այլ հասարակական գործիչներ: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտի ազատամարտիկի հիշատակը:

 

Մոմավառության մասնակիցներն Ազատության հրապարակ էին եկել «Ապահով Հայաստանում հերոսները սպանվում են», «Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը» և այլ գրություններով պաստառներով:

 

Տիգրան Խզմալյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ վաղը ժամը 11.30-ից 15-րդ թաղամասի ավտոմեքենանաների սպասարկման կենտրոնի մոտից Պռոշյան գյուղ կշարժվեն երթով, որին կարող են միանալ ցանկացողները: Տիգրան Խզմալյանը նաև տեղեկացրեց, որ 20 օր անց իրենք նորից Ազատության հրապարակում մոմավառություն կկազմակերպեն և մի ամբողջ օր կլռեն, քանի որ խոսքերն անզոր են: