Գլենդեյլում ամփոփվում են տեղական ընտրությունների արդյունքները. հայ թեկնածուները համոզիչ հաղթանակ են տանում
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում ամփոփվում են ապրիլի 2-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքները:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, համաքաղաքային ընտրությունների արդյունքում գլենդեյլցիներն ընտրել են Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամների, քաղաքի գանձապահի (City Treasurer), Գլենդեյլի քարտուղար-գործակատարի (City Clerk) և Գլենդեյլի դպրոցական/մանկավարժական խորհրդի (Unified School Board) անդամների:
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի 3 տեղի համար պայքարում էր 12 թեկնածու. նախնական տվյալներով՝ առավել թվով ձայներ հավաքել են Արա Նաջարյանը (8,615 ձայն, ներկայում խորհրդի անդամ է), Զարեհ Սինանյանը (6,122, առաջին անգամ է առաջադրվել), Լաուրա Ֆրիդմանը (6,888, խորհրդի անդամ է) և Շահե Կյորողելյանը (մոտ 6600 ձայն):
Գլենդեյլ քաղաքի քարտուղար-գործակատարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը (10,335 ձայնով):
Քաղաքի գանձապահի (City Treasurer) պաշտոնի համար միակ թեկնածուն Րաֆֆի Մանուկյանն էր, որը, նախնական տվյալներով, 12,226 ձայն է հավաքել և համոզիչ հաղթանակ տարել: Գանձապահի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե է անցկացվել (նույն քվեաթերթիկում) այսպես կոչված Measure A կոչվող օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որը նախատեսում էր գանձապահի պաշտոնը ընտրովիից դարձնել նշանակովի: Ինքը՝ Րաֆֆի Մանուկյանը, դեմ էր հանդես գալիս այդ նախաձեռնությանը. փոփոխությունը11,602 դեմ և 4,001 կողմ քվեով մերժվել է:
Հայերը տեղեր կունենան նաև Գլենդեյլի դպրոցական/մանկավարժական խորհրդի կազմում. առավել թվով ձայներ, նախնական տվյալներով, հավաքել է Գրեգ Գրիգորյանը (10,823 ձայն), նրան հաջորդում է Արմինա Ղարապետյանը (7,696 ձայն) և Քրիստին Վոլթերսը (8,171 ձայն):
Համաքաղաքային ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից. դրանց ընդհանուր առմամբ 8 հայ թեկնածու էր մասնակցում:
Հավելենք, որ Գլենդեյլ քաղաքն ունի մոտ 192 հազ. բնակչություն, որի մոտ 50 տոկոսը հայեր են:










