Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը վերջինիս հացադուլից դուրս գալուց հետո «սառեցված» է

10:33 • 04.04.13

Սուրբ Հարության պատարագից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալուց հետո ՀՀ նախագահի նստավայրից «Ժառանգության» առաջնորդի հետ հանդիպման որևէ առաջարկ ՝ բանավոր, գրավոր կամ հեռախոսազանգի տեսքով չի արվել: Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Վերջինս տարօրինակ չի համարում այն, որ, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալուց հետո ՀՀ նախագահի նստավայրից որևէ արձագանք, առաջարկ չկա:


«Ինձ համար տարօրինակ չէ, որովհետև մեր իշխանությունները բացառապես իրենց շահերն են փորձում սպասարկել և ոչ թե պետական շահը: Ուստիև նմանատիպ իրավիճակ է»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը։


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին արձագանքող իր վերջին նամակում Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել էր հացադուլից դուրս գալ, կազդուրվել, ապա թուղթ ու գրիչով հանդիպել՝ համատեղ օրակարգի խնդիրների շուրջ:


«Վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել՝ հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը:


Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ հացադուլից դուրս գալը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը և ոչ թե նախագահի հայտնի նամակի արդյունքը:


«Որովհետև նոր Հայաստանի երդման արարողության հետ կապված անհրաժեշտ էր մարզեր այցելել, որովհետև տեղերից ևս անընդհատ պահանջ կար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից այցելի»,- ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը:


Հիշեցնենք, որ նոր Հայաստանի երդմնակալության արարողության մանրամասների մասին հայտնի է միայն այն, որ վաղվա՝ ուրբաթօրյա հանրահավաքում որոշվելու է, թե այն ինչպես է անցկացվելու:


Ի պատասխան հարցի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զուգահեռ երդմնակալության մասին խոսում է շատ ընդհանուր և օգտագործում է ոչ թե իր երդմնակալություն, այլ «Նոր Հայաստանի» երդմնակալություն արտահայտությունը, ուստիև երդմնակալության ի՞նչ սցենարներ կան և վերջնական որոշումը ինչ եղանակով է կայացվելու՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է որոշելու, խորհրդակցելու՞ է հրապարակի հետ և այլն, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք բոլորս ձեզ հետ միասին կմասնակցենք և առաջին աղբյուրից կտեղեկանանք»:


Ա. Մարտիրոսյանը տարօրինակ չի համարում, որ Րաֆֆու հացադուլից դուրս գալուց հետո նախագահականից որևէ արձագանք չկա. «Իշխանությունները իրենց շահերն են փորձում սպասարկել և ոչ թե պետական շահը»։