Բեռլուսկոնիի գործով հանդես եկող Ռուբին բողոքի ակցիա է անցկացրել Միլանի դատարանի առաջ

15:10 • 04.04.13

Մարոկկացի Ռուբի մականունով Կարիմա էլ Մարուգը, ում անունով է կոչվում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի դեմ ընթացող աղմկոտ դատական գործընթացը (Բերեզովսկին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար), այսօր բողոքի ակցիա է անցկացրել Միլանի դատարանի առաջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Corriere della Sera-ին։

 

Աղջիկը եկել է դատարանի մոտ մենակ, առանց փաստաբանների և «հիանալի իտալերենով» կարդացել է մի տեքստ, որում բողոքել է դատավորների և փաստաբանների դեմ, քանի որ դատի ժամանակ նրանք այդպես էլ չեն լսել իրեն՝ որպես վկա։

 

«Ես ամաչելու և թաքցնելու ոչինչ չունեմ։ Ես խնդրում եմ Միլանի դատավորներին լսել ինձ, և հույս ունեմ, որ իրենք կկանչեն ինձ։ Ես մարմնավաճառ չեմ։ Հարվածելով Բեռլուսկոնիին՝ ԶԼՄ-ները նաև ինձ են վատություն արել»,- ասել է Ռուբին՝ հավելելով, որ զղջում է նախկինում ասած ստի համար, որը նրան անհրաժեշտ է եղել իր աղքատ գոյությանը վերջ տալու և ապահով կյանք սկսելու համար։

 

Բեռլուսկոնիի դեմ դատական գործընթացը սկսվել է 2011թ. ապրիլին։ Ըստ հետաքննության տվյալների՝ նա ինտիմ կապ է ունեցել Ռուբիի հետ, ում 18 տարին դեռ լրացած չի եղել։