Անապայի՝ հայկական ծագմամբ «ստվերային տիրոջը» մեղադրում են սպանության և մահափորձի համար

17:39 • 04.04.13

ՌԴ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր մարմնի պատգամավոր Սերգեյ Զիրինովը ձերբակալվել է էկոակտիվիստ Նիկոլայ Նաստերենկոյի մահափորձը կազմակերպելու կասկածանքով, ինչի հետևանքով Նաստերենկոն վիրավորվել էր, իսկ նրա վարորդը՝ Վադիմ Ժուկը՝ զոհվել, տեղեկացնում է grani.ru-ն՝ Коммерсант-ին հղումով։

 

Զիրինովը ձերբակալվել է Կրասնոդարի հյուրանոցներից մեկում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալուց հետո, որտեղ մեկնել էր մահափորձից անմիջապես հետո։

 

Նա մեղադրվում է սպանության, երկու և ավելի մարդու մահափորձը կազմակերպելու համար։ Զիրինովը, սակայն, իր մեղքը չի ընդունում։

38-ամյա Զիրինովը զբաղեցնում է օրենսդիր ժողովի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրան համարում են Անապայի ստվերային տերը։

 

2008թ.-ին լրատվամիջոցներն էթնիկ հայ Զիրինովին անվանել էին քաղաքի հայկական համայնքի առաջնորդ։

 

Նեստերենկոյի դեմ մահափորձն իրականացվել էր փետրվարի 22-ի առավոտյան։ Անհայտ անձը կրակել էր ակտիվիստի մեքենայի ուղղությամբ։ Նա երկու վնասվածք էր ստացել, սակայն նույն օրն էլ դուրս էր գրվել հիվանդանոցից, իսկ նրա վարորդը մահացել էր։