Ուրուգվայի նախագահն արգենտինացի գործընկերուհուն անվանել է «ծեր կախարդ»
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին անվանել է «ծեր կախարդ», հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով El Observador-ին։
Ինչպես նշում է El Observador-ը, Մուխիկան ապրիլի 4-ին մամուլի ասուլիսից առաջ խոսել է իր ենթականերից մեկի հետ։ Չնկատելով, որ բարձրախոսն արդեն միացված է, նա ասել է. «Այս ծեր կախարդն ավելի վատն է, քան այն ծուռ աչքը»։
Նրա ասածին միանգամից անդրադարձել են Հարավային Ամերիկայի բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ենթադրել են, որ Մուխիկայի արտահայտությունը վերաբերվել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին և նրա հանգուցյալ ամուսին Նեստոր Քիրշներին, ով եղել է նրա նախորդն Արգենտինայի նախագահի պաշտոնում և մահացել 2010թ.-ին։
Ինչպես գրում է Buenos Aires Herald-ը, Արգենտիանի ԱԳՆ-ն կանչել է Ուրուգվայի դեսպան Գիլյերմո Պոմիին և բողոքի նոտա հղել։ Նախարարությունը նախագահի արտահայտությունները համարել է հանգուցյալ Նեստոր Քիրշների հիշատակը «վիրավորող և անընդունելի»։ Իսկ անձամբ Քրիստինա Քիրշները զերծ է մնացել մեկնաբանություններից։
Սակայն ավելի ուշ 77-ամյա Խոսե Մուխիկան հայտարարել է, թե իր խոսքերը չեն վերաբերվել Արգենտինայի նախագահին ու նրա հանգուցյալ ամուսնուն։










