Ապրիլի 9-ի երթը կխանգարի պետական կարևոր միջոցառումը. «Ժառանգությունը» համաձայն չէ քաղաքապետարանի հետ
Երևանի քաղաքապետարանն այսօր մասնակիորեն մերժել է «Ժառանգության»՝ ապրիլի 9-ի հանրային հավաքի երթուղին Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անցկացնելու հայտը, փոխարենն առաջարկելով այլընտրանքային ճանապարհներ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով:
«Մենք իրենց ալտերնատիվ առաջարկներ ենք ներկայացրել, չեն քննարկում։ Մե՞նք պետք է իրենց ալտերնատիվ ճանապարհներով գնանք»,- Tert.am -ի հետ զրույցում ոչ առանց բառախաղի նկատեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահը համաձայն չէ քաղաքապետարանի գրության մեջ նշված պատճառների հետ: Այն է՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը:
«Իրենք այդպես են կարծում, մենք այդ կարծիքին չենք: Եվ արդեն որոշում կա, որ մենք իրացնելու ենք մեր՝ սահմանադրական իրավունքներին համապատասխան ցանկացած բողոքի ակցիա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:










