Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը դարձավ հայտնի կլանի հերթական զոհ. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը, ով ըստ նրա` ապրիլի 2-ին դարձավ «հայտնի կլանի հերթական զոհ»։
Հիշեցնենք, որ Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հրազենային վնասվածքից սպանվել է նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Նշենք նաև, որ սպանության փաստով հարուցված քրեական գործով երկու կասկածյալ կա ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը։
Իսկ թե ում նկատի ունի «հայտնի կլանի հերթական զոհ» ասելով՝ Հմայակ Հովհաննիսյանը առաջարկեց այդ մասին հարցնել ժամանակին ընդդիմադիր համարված այն քաղաքական գործիչներից, ովքեր այսօր Սերժ Սարգսյանի կողքին են։
«Հարցրեք Արտաշես Գեղամյանին, Հայկ Բաբուխանյանին, Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալլաքյանին, ովքեր տարբեր ժամանակներում մեղադրել են հայտնի մարդուն քաղաքական սպանության մեջ, նրանց հարցրեք»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը։
Ասուլիսին մեկ այլ հյուր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ընդմիջեց, և խնդրեց չբացահայտված սպանությունը չօգտագործել ի նպաստ սեփական անձի քաղաքականության մեջ կայացման։
«Թող որևիցե մեկը իրեն իրավունք չվերապահի դեռևս չբացահայտված սպանությունը քաղաքականացնի, չի կարելի դա։ Հասկանում ենք, որ ուզում եք քաղաքականության մեջ դեր ունենալ, բայց չի կարելի դիակների, նման պայմաններում քաղաքական կեցվածք դրսևորել, կարծում եմ դա սխալ է և անբարոյական»,- ասաց նա։
Հմայակ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ ժամանակին նույն Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մատնացույց է արել, թե նա մարդասպան է, Արտաշես Գեղամյանն ասել է, որ իրեն ուզում են սպանել։
«Ինձ թվում է դուք բարդույթավորված եք, եկեք ապաշխարեք»,- խորհուրդ տվեց քաղաքագետը և նշեց, որ երկրում տիրող իրավիճակը Սերժ Սարգսյանի նկարագրածով՝ գաղջ է, ոչ թե լրատվամիջոցների պատճառով է, այլ չբացահայտված սպանությունների։
«Ես գտնում եմ, որ այն գաղջ մթնոլորտը, որի մասին Սերժ Սարգսյանը խոսեց, ստեղծվել է ոչ թե լրատվամիջոցների պատճառով, այլ ստեղծվել է այն պատճառով, որ «Մարտի մեկի» ոճրագործությունը չբացահայտվեց և այսօր քաղաքական ուժերը «как ни в чем не бывало» պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Երևանցիներին սպանեցին և ոչ մեկը պատիժ չկրեց։ Այդ գաղջ մթնոլորտը ստեղծվել է այդ պատճառով»,- ասաց նա։
ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ այդ գաղջ մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը։
«Սկսած 90-ական թվականներից, ովքեր եղել են իշխանության քաղաքական դաշտում, բոլորը հավասար պատասխանատու են, պետք է իրենց ամբիցիաները դնեն մի կողմ և մտածեն երկրի կայացման համար»,- ասաց նա։
Հարցին, թե ըստ պատգամավորի՝ իշխանությունները վերահսկում են իրավիճակը՝ Սուքիաս Ավետիսյանը հավատացրեց, որ այո։ «Իշխանությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին, բայց մարդիկ, քաղաքական ուժերը նույնպես պատասխանատու են, մինչդեռ այսօր ոնց որ լուսնից են ընկել»,- նշեց նա։










