Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունները վերսկսվում են
«Վեցնյակի» երկրների և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները 2-րդ անգամ կհանդիպեն Ղազախստանի Ալմա-Աթի քաղաքում, որպեսզի փորձեն կարգավորել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրները, գրում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ փետրվարին կայացած հանդիպումներն ապարդյուն էին անցել: Իրանը նշում էր, որ արևմտյան գործընկերներից չի լսել նոր առաջարկներ, իսկ «վեցնյակի» երկրները պնդում էին հակառակը: Արդյունքում բանակցությունների 2-րդ փուլին, որոնք պետք է կայանան ապրիլի 5-6-ը ընկած ժամանակահատվածում, կողմերը մոտենում են զգուշավոր լավատեսությամբ:
Ալմա-Աթիում կայանալիք հանդիպումից առաջ Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի, որ Ղազախստանում ընթացող բանակցությունների սկզբում «վեցնյակի» երկրները կճանաչեն Իրանի միջուկային ծրագիր իրականացնելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Արևմուտքի երկրները և Իսրայելը Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի քողի տակ միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Իրանը հերքում է բոլոր այս մեղադրանքները:










