Hummer-ով հայաստանցին ՌԴ-ում դատապարտվել է ոստիկանների ծեծելու և վիրավորելու համար
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում ոստիկանին ծեծելու և վիրավորելու համար հայաստանցին պայմանական ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է primorye24.ru-ն։
Թորուն Քոչոյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 318 հոդվածով (կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելն իշխանության ներկայացուցչի նկատմամբ), 319 հոդվածով (իշխանության ներկայացուցչին վիրավորելը), ինչպես նաև 167 հոդվածով՝ (այլոց գույքը միտումնավոր վնասելը)։
Դատարանն ապացուցված է համարել, որ օգոստոսի 10-ին հարբած Քոչոյանը, վարելով Hummer ամենագնացը, հրաժարվել է տեղափոխվել բաժին՝ հետագա ընթացակարգի համար։
Այդ ընթացքում տղամարդը հարվածել է ճանապարհապարեկային ոստիկաններից մեկի գլխին, ոտքով հարվածել է երկրորդի փորին և երրորդի դեմքին։
Միաժամանակ՝ Քոչոյանը վիրավորել է պետավտոտեսչության աշխատակիցներին։ Վերջապես, հերթական ոստիկաններից մեկի ձեռքից խլել է տեսախցիկը, որն ընկել է ասֆալտի վրա և կոտրվել։
Դատարանը նրան 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, ինչպես նաև պարտավորեցրել 20.000 ռուբլու տուգանք վճարել։










