Մոսկվայում թալանել են Ստալինի թոռանը. գողացել են համակարգիչ ու գայլիկոն
Ստալինի թոռան՝ Եվգենի Ջուղաշվիլիի մոսկովյան բնակարանը թալանել են. այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ տուժածի փաստաբան Լեոնիդ Ժուրային հղումով։
«Նա տուն է եկել և տեսել, որ դուռը լավ չի փակված և կնքված է։ Հարևաններն ասել են, որ ուշադրություն են դարձրել բաց դռան վրա, ոստիկանություն են կանչել, որն էլ կնքել է բնակարանը»,-հայտարարել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ գողացել են համակարգիչ՝ տվյալներով, և գայլիկոն (дрель):
«Ոչ մի այլ բան չեն վերցրել։ Երևացող տեղում կոնյակի շշեր են եղել, կախված են եղել Ստալինի թոռան նկարները, որոնցից մեկն ընկել է հատակին։ Որևէ թանկարժեք բան չեն տարել»,-ասել է Ժուրան։
Փաստաբանը վստահ է, որ Ստալինի թոռան տուն մտնողը կարող էր դա անել Ջուղաշվիլիի գործողությունների դեմ բողոքելու համար, ով փորձում է ապացուցել, որ Իոսիֆ Ստալինը կապ չի ունեցել Կատինի ողբերգության հետ։
1940 թ.-ին Կատինի անտառներում լեհ զինծառայողներ էին գնդակահարվել։










