Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ինքը, ընդհանրապես, որևիցե ծրագիր, որևիցե նպատակ չունի. ՀՀԿ-ական պատգամավոր
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ընդգծեց, թե իրենց չի հետաքրքրում, թե «Ժառանգությունը» ու նրա առաջնորդն ինչ են անելու ապրիլի 9-ին և իրենք նախապատրաստվում են տոնի։ ««Ժառանգությունը», եթե գտնում է, թող այդ օրն իր համար վերջնագիծ համարի, այդ օրը մեզ համար տոն է, նախագահի երդմնակալության արարողությունն է, և ցանկացած երկրում, այո, դա տոն է եղել, և մեզ համար էլ տոն է»,- հայտարարեց նա՝ վստահ լինելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չի հաջողվի հոծ բազմություն հավաքել։ «Չեմ կարծում որ մեծ հանրահավաք լինի, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ինքը, ընդհանրապես, որևիցե ծրագիր, որևիցե նպատակ չունի, այնքան որ հանդիպի ժողովրդի հետ, որ իրենց չմոռանան»,- ասաց նա։
Հարցին, թե արդեն հայտնի՞ է հյուրերի ցանկը, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ խորհրդում այդ հարցը չի քննարկվել։ «Հյուրերի ցուցակը, համենայն դեպս, խորհրդում չի քննարկվել, իսկ մենք՝ ԱԺ արտահերթ նիստ է, բոլոր պատգամավորներն, ովքեր իրենց համարում են պատգամավոր և պատասխանատվություն ունեն, կմասնակցեն, իսկ ովքեր չեն մասնակցի, թող իրենք մտածեն»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե, եթե չեն մասնակցեն, ուրեմն պատգամավոր չեն, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ցանկալի կլինի մասնակցությունը, որովհետև, ըստ նրա, դա կարևորագույն տոն է երկրի համար։
Իսկ խմբակցություններից նույնպես նորություն չունեն, և տեղյակ են, որ դեռ որոշում չեն կայացրել։ Tert.am-ի հարցին, որ եթե ԱԺ խմբակցությունները ներկա չգտնվեն, բացառությամբ երկուսի՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, իսկ հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի, իշխող ուժն ինչ եզրակացության կգա, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Ուրեմն, գիտե՞ք ինչ կա, մարզահամերգային համալիրում հնարավոր չի ավելի շատ մարդ նստեցնել, մենք կարող ենք 20 000, 30 000 մարդ հավաքել, բայց փոքր դահլիճում է լինելու, որտեղ մոտավորապես 2 000 հոգի է տեղավորվում, այսինքն՝ մենք ավելի շատ հնարավորություն ունենք, բայց դրան չենք գնում, դրա համար ասում ենք , որ 2000 մարդը բավարար է, որպեսզի մասնակցի երդմնակալության արարողությանը։ Իսկ եթե Թատերական հրապարակում կամ Ազատության հրապարակում կհավաքվի 5 000 կամ 6 000 մարդ, թող հավաքեն»,- ասաց նա։ Իսկ երբ հստակեցվեց, թե նորմա՞լ է, որ 6 խմբակցությունից 4-ը չմասնակցեն, պատասխանեց, թե չմասնակցելու հանգամանքը պետք է հասկանանք, թե ինչի համար չեն մասնակցում։
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր կարծիքը հավելեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը «Բարգավաճ Հայաստանի» մասնակցության մասին, և ինքն էլ պատասխանեց. «Կմասնակցեն, քանի որ իրենց մոտ ամեն ինչ կիսատ-պռատ է, ուրեմն կիսատ-պռատ էլ կմասնակցեն»։
Ըստ քաղաքագետի՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդում է տալու Գեղամյանի, Դալլաքյանի, Արթուր Բաղդասարյանի և նրանց առաջ, ովքեր մեղադրել են ժամանակին նույն Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երդում է տալու ժողովրդի առաջ, ու թե ինչքան մարդ կլինի, դա կարևոր չէ։ «Եթե Րաֆֆուն հաջողվեց կրիտիկական մասսա հավաքել հրապարակում, դա արդյունքներ կտա, եթե ոչ, ապա իշխանությանը մեծ հնարավորություն կտա»,- ասաց նա։










