Սիրիայում ներքին փախստականների թիվը հասել է 4 մլն-ի

17:06 • 05.04.13

Սիրիայում շարունակվող երկամյա հակամարտության պատճառով ներքին փախստականների թիվը հասել է 4 մլն-ի։

Ինչպես տեղեկացում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն գրասենյակի ներկայացուցիչ Ռիմ աս-Սալեմը։

 

«Իրավիճակը փոխվում է շատ արագ և դեպի բացասական կողմ։ Անհրաժեշտ է վերանայել մարդասիրական օգնության ծավալները»,-ասել է նա։

 

Մոտ մեկ միլիոն սիրիացի փախստական գտնվում է արտերկրում։ Այդ կերպ, աս-Սալեմի խոսքով, Սիրիայի բնակչության մեկ քառորդը (բնակչության ընդհանուր թիվը կազմում է 22 մլն) 2011թ.-ի մարտից ի վեր ստիպված է եղել լքել տունն ու տեղափոխվել կամ երկրի ներսում այլ քաղաքներ, կամ երկրի սահմաններից դուրս։

 

Սիրիական հակամարտությունը երկու տարվա ընթացքում ավելի քան 70 հազար մարդու կյանք է խլել։ ՄԱԿ-ը հայտարարում է, որ անհրաժեշտ է ակտիվ միջազգային օգնություն ցույց տալ Սիրիայի բնակչությանը՝ մարդասիրական աղետից խուսափելու համար։