Բելառուսում քահանայի կերպարանքով գողը եկեղեցի է կողոպտել

00:26 • 06.04.13

Բելառուսի Գրոդնո քաղաքում ավազակը, քահանայի կերպարանքի տակ թաքնվելով, եկեղեցուց խոշոր չափի գումար է գողացել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին (երբ կաթոլիկ աշխարհը տոնում էր Սուրբ Զատիկը), սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

 

Տղամարդը մտել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ պահակներին վստահեցնելով, որ մտադիր է այնտեղ ծառայության անցնել: Ուսումնասիրելով եկեղեցու տարածքը և սեղանի վրա հայտնաբերելով 6 հազար ԱՄՆ դոլար, 1.2 հազար լեհական զլոտի և 8 մլն բելառուսական ռուբլի, թաքնվել է:

 

Սպասելով, մինչ հավաքվածները կհեռանան եկեղեցուց, վերցրել է նվիրատվության համար պատրաստված երեք ծրարներն ու հեռացել:

 

Չարագործին հաջողվել է բռնել Մինսկի երկաթուղային կայարանում: Ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալներով՝ հանցագործը նախկինում ինն անգամ ձերբակալված է եղել, իսկ կալանքից ազատվել էր սույն տարվա մարտի 20-ին: