Իննամսյա դադարից հետո Ֆիդել Կաստրոյի առաջին հոդվածը նվիրվել է Կորեական թերակղզում իրավիճակին

14:51 • 06.04.13

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն 9-ամսյա դադարից հետո վերադարձել է լրագրությանը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ Կառավարական Granma և այլ կուբական թերթերում լույս է տեսել նրա՝ Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հոդվածը։

 

Կաստրոն գրում է, որ աշխարհի վրա է կախվել միջուկային պատերազմի այնպիսի սպառնալիք, որը չի եղել 1962-ի Կարիբյան ճգնաժամի տարիներից ի վեր։ Միևնույն ժամանակ, կուբացի առաջնորդը կոչ է արել հակամարտող կողմերին՝ Հյուսիսային և Հարավային Կորեաներին, զսպվածություն դրսևորել։

 

Դիմելով Հյուսիսային Կորեային՝ Կաստրոն ընդգծել է, որ նրանք արդեն ցուցադրել են աշխարհին իրենց տեխնիկական և գիտական նվաճումները, և այժմ նրանք պետք է հիշեն այլ երկրների առաջ իրենց պարտքի մասին։ Նախկին առաջնորդի խոսքով՝ Ասիայում պատերազմը կարող է ոչնչացնել բնակչության 70 տոկոսին։

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա պատերազմի դեպքում նախագահ Բարաք Օբաման կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ-ի «ամենաչար» առաջնորդ։

 

Կաստրոն պաշտոնը լքել է 2008-ին՝ առողջական խնդիրների պատճառով։ Այդ պաշտոնում նրան փոխարինում է եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն։