Կամո Արեյանը հյուրընկալել է Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:
«Երևանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Մենք ուրախ ենք Երևանում Ձեզ հյուրընկալելու համար և կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաև այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ» ,- նշել է Կամո Արեյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
«Մենք հայերին միշտ էլ վերաբերել ենք որպես բարեկամ ժողովրդի և վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ»,- նշել է Հեֆիզա Իպեկը:










