Հերթական բռնաբարության դեպքը Հնդկաստանում. բռնաբարվել և սպանվել է բրիտանուհի զբոսաշրջիկ

14:12 • 06.04.13

Հնդկաստանի Դալ լճում լողացող տանը հայտնաբերվել է բրիտանուհի զբոսաշրջիկի դիակ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Indian Express-ին։ 24-ամյա Սառա Էլիզաբեթի մարմինը հայտնաբերվել է նրա սենյակում։ Նրա հագուստը պատառոտված է եղել, և ոստիկանները կարծում են, որ մահից առաջ նրան բռնաբարել են։

 

Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Նիդեռլանդներից 43-ամյա Դավիտ Ռեկորդը, ով բնակվել է նույն լողացող տան հարևան սենյակում, բերման է ենթարկվել լճի տարածքը լքելու փորձի ժամանակ։

 

Մարտի կեսին Հնդկաստանի ստորին պալատը հավանության էր արժանացրել բռնաբարողների համար պատիժը խստացնող օրինագիծը,այն ենթադրում է նաև մահապատիժ։ Այժմ փաստաթուղթը պետք է արժանանա վերին պալատի հավանությանը։

 

 

Փաստաթուղթը խորհրդարան էր ներկայացվել նախորդ տարեվերջին խմբակային բռնաբարության զոհ դարձած աղջկա մահից հետո։ Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 6 տղամարդ հարձակվել է Շվեյցարիայից ամուսնական մի զույգի վրա, ծեծել տղամարդուն և բռնաբարել կնոջը։