Երևանի երկնքում ուղղաթիռ է պտտվում. Սերժ Սարգսյանի երդմնակալությանն ընդառաջ փորձ (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայից» մինչև Մատենադարան, երեկ ուշ գիշերվանից արտակարգ իրավիճակ է. փակ էր Մաշտոցի ողջ պողոտան, ամեն խաչմերուկում կանգնած են Ճանապարհային ոստիկանության մեքենաներ և ճանապարհային ոստիկաններ, և որոշակի պարբերականությամբ երկնքում հայտնվում են ուղղաթիռներ:
Մայթերին հավաքված հետիոտներին թույլատրվում է մայթն անցնել ու ճանապարհը շարունակել միայն հինգ-տասը րոպեն մեկ պարբերականությամբ:
Ծառայություն իրականացնող ոստիկանները լրագրողների ու անցորդների հարցերին, թե ինչ արտակարգ միջոցառում է, որևէ պատասխան այդպես էլ չտվեցին: Մայթերին հավաքված մարդիկ նման իրարանցման երկու վարկած ունեին. Կա՛մ Հայաստան է ժամանում ինչ-որ պատվիրակություն, կա՛մ իրականացվում է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության փորձ:
Ժամը 12.40–ի մոտ Մաշտոցի պողոտայում հայտնվեց ոստիկանական ու Պետական պահպանության ծառայության մեքենաների հսկա շարասյուն՝ ուղղաթիռի «ուղեկցությամբ», ապա մեջտեղում հայտնվեց սպիտակ շքեղ մի մեքենա՝ Հայաստանի պետական դրոշով, որտեղ նստած էր մի կին և մի հոգևորական:
Այս «արարողությունից» հետո ոչինչ չհասկացող անցորդներին թույլատրվեց անցնել մայթերը, իսկ ճանապարհային ոստիկանության լեյտենանտը Tert.am –ին ասաց, թե Հայաստան է գալիս ինչ-որ պատվիրակություն:
Ոստիկանության Tert.am-ի աղբյուրների վկայությամբ՝ տեղի է ունենում մի քանի մեծ միջոցառում՝ այդ թվում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության փորձ, Մաշտոցի պողոտայի մի հատվածում էլ օգտվելով այս իրավիճակից, թարմացվում էին փողոցային գծանշումները: Չբացառվեց նաև, որ այս ընթացքում, իրոք, ինչ-որ պատվիրակություն ժամանեց Երևան:
Tert.am–ի հետ զրույցում քաղաքացի Արմենը, մեկնաբանելով իրարանցումը, կատակով նշեց, որ իր համար անհայտ մնաց դրա պատճառը: «Մանավանդ չգիտեն՝ թե էս ով ա, որ Երևանը սենց փակում են, ոչ մեկ չգիտի, կարո՞ղ ա Բեն Լադենի կինն էր»,– ասաց նա:
Անցորդներից ոմանք դժգոհում էին, սակայն օրինակ՝ Նարե Մարտոյանն ասաց, որ «նորմալ է», կարելի է և հանդուրժել: «Իսկ ի՞նչ է պատահել որ: Կարող ա դելեգացիա կա, հարգելի հյուրեր կան, չապահովե՞նք էդ անվտանգությունը, բոլոր քաղաքներում էլ էսպիսի անհարմարություններ ստեղծվում են և նորմալ է դա: Համ էլ ավելի լավ, կքայլենք, առողջարար է, եղանակն էլ թույլ է տալիս»,– ասաց նա:
Նյութը թողարկելու պահին ուղղաթիռը դեռ սավառնում էր Երևանի վրայով։










