ԲՀԿ-ն հարկ եղած դեպքում երկուշաբթի կորոշի՝ մասնակցե՞լ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, թե ոչ

12:06 • 06.04.13

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առ այս պահը չունի որոշում՝ մասնակցելո՞ւ են ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թե ոչ:


Tert.am -ի հետ զրույցում ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասաց, որ դեռ ժամանակ ունեն:


«Քաղաքականացվեց այս հարցը, մենք որոշում չունենք, դե, ի վերջո, դեռ ժամանակ կա, …. Ազգային ժողովի նիստ է, այստեղ որևէ քաղաքական բան չեմ տեսնում: Հարկ եղած դեպքում երկուշաբթի օրը կքննարկենք»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է այսօրվա «Հրապարակը»՝ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9 -ի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին:


Ստեփան Մարգարյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում ու ավելացրեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ-ականներից ո՞վ էր գնալու որ… առաջին անգամ եմ լսում: Այդպիսի հարց, որպես այդպիսին, չի էլ եղել, չի բարձրացվել, որ արգելվեր կամ չարգելվեր»:


Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին շրջանում «մեսիջներ» է հղում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին:


Իսկ օրերս Վանաձորի հրապարակում հրավիրված հանրահավաքին բառացիրեն ասաց. «Կզանգեմ ցանկացած հեռախոսի համարով, միայն թե իմ հետևից չբամբասեք, «ժուչոկ» չծառայեք: Հովհաննիսյան Վահե, պարոն Ծառուկյան, ով անկեղծ է, Հրանտ, Լևոն, բոլորս միասին թող գանք «մեյդան», հրապարակ։ Եթե ձեզ համար թագավոր է Սերժը, պարոն Ծառուկյան կամ պարոն Մարգարյան, ձեր գործն է, ինձ համար թագավոր է օրենքը, իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը և մեր երեխաների ապագան»:


Իսկ ավելի վաղ նա, անանուն, ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են ասել, որ ժողովրդի կողքին են, թող գան ու կանգնեն ժողովրդի կողքին:


Ի պատասխան այս հարցադրման՝ ԲՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Բայց Ծառուկյանը ե՞րբ է ժողովրդից հեռացել որ»,- ապա ավելացրեց. «Եթե մենք անհրաժեշտությունը գտնենք հրապարակում ինքներս կհավաքենք ժողովուրդ և կողքին կկանգնենք և կքայլենք իրենց հետ»:


Այնպես որ, ըստ Ստեփան Մարգարյանի՝ «ժողովրդից հեռանալու որևէ խնդիր չի եղել», ոչ էլ Բարգավաճը կամ Ծառուկյանը որևէ մեկին առիթ են տվել մտածելու, որ ժողովրդի կողքից հեռացել են:


Ինչ վերաբերում է մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը,իսկ հետո նաև կուսակցական այլ անդամների «ընդլայնած» կազմով հանդիպմանը, ապա, ըստ Ստեփան Մարգարյանի հստակեցման՝ այդ հանդիպման ժամանակ նման հարց, որ՝ «արի իմ կողքը հրապարակում կանգնի» չի էլ քննարկվել: Իսկ ավելացրեց, որ հանդիպել են, որովհետև մարդը հանդիպելու ցանկություն էր հայտնել: