Աֆղանստանում երկու ահաբեկչությունների հետևանքով 6 ամերիկացի է սպանվել
ԱՄՆ 6 քաղաքացիներ են զոհվել երեկ Աֆղանստային հարավում և արևելքում զինյալների կողմից իրականացված երկու ահաբեկչությունների հետևանքով. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Տեղեկությունը հաստատել են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները։
Նրանց տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչի կողմից իրականացված պայթյունի զոհերը Քալաթ քաղաքում դարձել են երեք ամերիկացի զինծառայողներ, պաշտպանության նախարարության մեկ քաղաքացիական ծառայող և ԱՄՆ պետդպարտամենտի մի աշխատակցուհի։
Հարձակման հետևանքով զոհվել է նաև աֆղանստանցի մեկ բուժաշխատող, ևս 9 մարդ, ներառյալ պետքարտուղարության չորս աշխատակիցներ, վիրավորվել են։
ԱՄՆ արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ պետական աշխատողները, զինվորների ուղեկցությամբ մեկնել էին Աֆղանստանի դպրոցներից մեկը՝ բարեգործական նպատակներով, երբ մահապարտ ահաբեկիչը նրանց շարասյանն է մոտեցրել ականապատ մեքենան։ Ակնհայտ է, որ մահապարտ ահաբեկչի թիրախում եղել է նահանգապետ Մուհամմեդ Աշրաֆ Նասերին, որի ավտոշարասյունը ևս մոտակայքում է եղել։ Գործիչն ահաբեկչությունից չի վնասվել։
Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի արևելյան նահանգներից մեկում։ ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչներ, առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, տեղեկացրել են, որ հարձակման զոհ է դարձել ԱՄՆ մեկ քաղաքացի։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցել է զոհվածների ընտանիքներին։










