Գարի Կասպարովը հրաժարվել է ընդդիմադիր շարժման ղեկավարի պաշտոնից

15:17 • 07.04.13

Շախմատի աշխարհի չեմպիոն, ՌԴ ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Գարի Կասպարովը լքել է ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման ղեկավարի պաշտոնը, որի համագումարը այսօր տեղի է ունենում Մոսկվայում։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ «Ինտերֆաքս» գործակալության հղումով, այդ մասին հայտարարել է «Սոլիդարնոստ» շարժման քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Ռիկլինը։

 

«Դա նրա որոշումն է։ Երեկ նա զանգահարել է ինձ, Բորիս Նեմցովին և հաղորդել է, որ չի պատրաստվում լինել «Սոլիդարնոստ»-ի ղեկավարներից մեկը։ Նշեմ, որ Կասպարովը չի պատրաստվում դուրս գալ կազմակերպությունից»,-ասել է նա։


Ռիկլինը նշել է, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված Կասպարովի որոշումը, սակայն ենթադրել է, որ դա պայմանավորված է իր ակտիվ հանրային գործունեությամբ։

 

Նա հավելել է, որ համաժողովի ընթացքում իրենք կընտրեն քաղաքական նոր խորհուրդ, որի կազմում կլինեն 25 մարդ։ Նոր քաղխորհուրդն իր հերթին կընտրի բյուրո։