Շիրակի մարզում ռուսական զորամասի ենթակայության տակ գտնվող տարածքում ականի պայթյունից երկու երեխա է զոհվել

15:06 • 07.04.13

Այսօր կեսօրին մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Մասնավորապես, Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերքի պայթյունի արդյունքում մահացել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 15-ամյա Մուշեղ Գևորգյանը և 12-ամյա Արթուր Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Դեպքի մասին ահազանգը Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ստացվել է ժամը 12.40-ի սահմաններում։


Ըստ կայքի՝ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:


Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է նշված երեխաների դիերը:


Ըստ Գ Շամշյանի՝ երեխաները ոչխարի հոտը արածացնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով էլ տեղ է ունեցել ողբերգությունը: