Մեկ դե յուրե նախագահ, նախագահի երկու երդում. ապրիլի 9-ին ընդառաջ ամփոփում

13:56 • 08.04.13

Երևանում վաղը՝ ապրիլի 9-ին, տեղի կունենա ՀՀ նախագահի երդմնակալության միանգամից երկու արարողություն՝ մեկը դե յուրե, ի դեմս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, մյուսը դե ֆակտո՝ ի դեմս նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, ով, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, փետրվարի 18–ին ստանալով ընտրողների 539 693-ի ձայները, զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Սերժ Սարգսյան վերընտրվեց՝ ստանալով 861 373 ձայն:


Ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պահանջում է Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը և առաջիկա մեկ տարում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գումարած մի շարք առանցքային ոլորտներ՝ իր նշած անձանց ղեկավարությամբ, իր երդումը ձևակերպել է որպես Նոր Հայաստանի երդմնակալության արարողություն, որի շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, սկսած նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքը դնելո՞ւ է Ավետարանի վրա, արարողությանը մասնակցելո՞ւ է հոգևորական և եթե այո, ապա ո՞վ է նա լինելու: Ի վերջո, արարողությունը լինելու է Ազատությա՞ն, թե Հանրապետության հրապարակում։
 

Բոլոր այս հարցերի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը, համաձայն խոստացվածի, կտա այսօր:


Առայժմ հայտնվել է միայն այն, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, պետք է ապրիլի 9-ի առավոտյան ժամը 11 –ին հավաքվեն Ազատության հրապարակում, որտեղ ժամը 12–ին նշանակված է Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը:
 

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը երդմնակալության ժամանակ ձեռքը դնի Վեհամոր ավետարանի վրա, ապա բոլորով կգնան դժոխք:


Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ժամանակ նա ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի ժողովրդին տրվող հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
 

Բացի այն, որ նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցեն ԱԺ «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, և չեն մասնակցի «Հայ ազգային կոնգրեսը», «ժառանգություն» և «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակով խորհրդարան մտած «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունը, այլ բան առ այս պահը հայտնի չէ:


Tert.am –ի հետ զրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ այսօր՝ օրվա ընթացքում, կհայտնեն իրենց դիրքորոշումը:
 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, նույն հարցին պատասխանելով, նա ասել էր՝ «Օրը կգա, բարին հետը»:
 

Tert.am –ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական թևը՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Հովհաննիսյանը չեն մասնակցելու ԱԺ հատուկ նիստին, իսկ ոչ քաղաքականները՝ ի դեմս Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ), Հարություն Ղարագյոզյան (Կարամելի Հարութ), Մելիք Մանուկյան (շշի Մելո) և այլք, ըստ ամենայնի, կմասնակցեն:


Ինչպես Tert.am–ին հայտնել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, ԱԺ հատուկ նիստին մասնակցելու են շուրջ 2000 հրավիրյալներ, իսկ այսօր նա Tert.am–ին տեղեկացրեց, որ հրավիրյալների թվում ներկա են լինելու շուրջ 60 երկիր ներկայացնող միջազգային պատվիրակություններ:
 

Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա է լինելու նաև ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը, ինչը Tert.am –ի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
 

Հիշեցենք, որ Սահմանադրության 54-րդ հոդվածի համաձայն՝ վաղը հրաժարական կտա ՀՀ կառավարությունը, քանի որ Հանրապետության նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, Կառավարությանն անվստահություն հայտնվելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: