Նրա մահը կորուստ է ողջ Գլենդեյլի համար. վախճանվել է Business Life պարբերականի հրատարակիչ Ջոն Գրիգորյանը

10:28 • 08.04.13

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում ապրիլի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Business Life (Գործարար կյանք) ամսագրի հրատարակիչ, հայտնի հասարակական գործիչ Ջոն Գրիգորյանը:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, մահվան պատճառը սրտային անբավարարություն է եղել. դեռ 2011թ-ին Գրիգորյանը Գլենդեյլում անցկացված հանրային միջոցառումներից մեկի ժամանակ հենց բեմի վրա սրիտի կաթված էր ստացել և ուշագնաց եղել...


Ջոն Գրիգորյանը ծնվել է 1932թ-ին օգոստոսի 24-ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում, Եղեռնից մազապուրծ հայերի ընտանիքում: 1951-1953թթ-ին նա ծառայել է ԱՄՆ Զինված ուժերում, մասնակցել է Կորեական պատերազմին (1950 թ-ին պատերազմ բռնկվեց Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև, որում որպես պատերազմող կողմեր փաստացի հանդես էին գալիս մի կողմից ԽՍՀՄ-ը և Չինաստանը, մյուս կողմից ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները-Tert.am):


Գրիգորյանը 1956թ-ին ամուսնացել և 1989 թ-ին ընտանիքի հետ Հարթֆորդից  Գլենդեյլ է տեղափոխվել:  Նա 8 զավակի հայր էր և 23 թոռան պապիկ:

 

«Նրա տված յուրաքանչյուր դասը մենք փայփայում և պահպանում ենք... այդ դասն առաջին հերթին պետությունը և համայնքը սիրելու մասին էր»,-պարբերականի հետ զրույցում ասել է Ջոն Գրիգորյանի որդիներից մեկը՝ Գրեգ Գրիգորյանը, որը Գլենդեյլի դպրոցական/մանկավարժական խորհրդի անդամ է:

 

Ջոն Գրիգորյանը վերջին 23 տարվա ընթացքում եղել է Business Life պարբերականի հրատարակիչը, աշխատել է նաև Փոքր բիզնեսի հարցերով ամերիկյան պետական հանձնաժողովի լոսանջելեսյան ներկայացուցչությունում, Գլենդեյլի բժշկական խորհրդատվական խուրհրդում և մի շարք այլ կազմակերպություններում, ակտիվորեն մասնակցել է Գլենդեյլի հասարակական կյանքում կատարվող գործընթացներին:


Գլենդեյլի նախկին քաղաքապետ Կարլ Ռագիոն պարբերականի հետ զրույցում ասել է, որ Ջոն Գրիգորյանի մահը կորուստ է ողջ քաղաքի համար: «Գլենդեյլը շատ կկարոտի նրան... Նա վառ օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի քաղաքին նվիրված անձը»,-ասել է Ռագիոն:


Իսկ գլենդեյլցիերի սրտերում Ջոն Գրիգորյանը կմնա որպես մարդ, որը միշտ պատրաստ էր օգնելու դիմացինին: «Երբ  առաջին անգամ հանդիպեցի նրան, նա ինձ գրկաբաց ընդունեց և դարձավ փարոս ինձ համար, մարդ, որը միշտ պատրաստ է քեզ օգնելու,- ասել է գործարար Էլիզաբեթ Մանասերյանը (Էլիզաբեթը Գրիգորյանի հետ ծանոթացել է, երբ նա աշխատում էր Փոքր բիզնեսի հարցերով ամերիկյան պետական հանձնաժողովի լոսանջելեսյան ներկայացուցչությունում) և հավելել,-Աստված նրան Երկիր էր ուղարկել, որպեսզի նա ծառայի մյուսներին, և նա (Ջոնը) իր գործունեությամբ մեզ հենց դա էր սովորեցնում»: