Սինգապուրին սպառնում է դենգե տենդի ուժեղագույն համաճարակը

11:55 • 08.04.13

Սինգապուրին սպառնում է երկրի պատմության ընթացքում դենգե տենդի ամենաուժեղ համաճարակը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Straits Times սինգապուրյան թերթին։

 

«Մենք իրոք պետք է սպասենք, որ այս տարի կբախվենք դենգե լայնամասշտաբ համաճարակին»,- նշել է այդ մահացու հիվանդության գծով մասնագետ պրոֆեսոր Լեո Յի Սինը։

 

Չնայած այդ վտանգավոր վիրուսով նախորդ շաբաթ վարակված սինգապուրցիների հստակ թիվը կհայտարարվի միայն երեքշաբթի, արդեն հայտնի է, որ ուրբաթ նոր հիվանդների թիվը հասել է 327-ի՝ գերազանցելով փետրվարյան «ռեկորդը»՝ 322 մարդ։

 

Հունվարից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հիվանդանում է մոտ 300 մարդ, և տարվա կեսին, պրոֆեսորի կարծիքով, այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել։

 

Դենգե տենդը տարածում են Aedes Aegypti տեսակի միջատները, որոնք բազմանում են մաքուր ջրերում։ Հիվանդության նախանշաններն են՝ բարձր ջերմություն, ուժեղ հոդացավեր և մկանային ցավեր, հաճախ՝ ներքին արյունահոսություն։ Ինկուբացիոն շրջանը տևում է 5-10 օր։