ԱՄՆ-ն ու Հրվ. Կորեան պայմանավորվել են համատեղ կոնտրհարձակման վերաբերյալ՝ Հս. Կորեայի կողմից ագրեսիայի դեպքում
Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի կողմից սադրիչ հարվածի դեպքում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։
Վաշինգտոնի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրը ենթադրում է անհապաղ սիմետրիկ կոնտրհարձակում. հարվածը կհասցվի հյուսիսկորեական դիրքերին, որտեղից իրականացվել է հարձակումը՝ նույն տիպի սպառազինությունների կիրառմամբ, որոնք կիրառել է Փհենյանը։
Սեուլը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Հս. Կորեան իր արևելյան ափին տեղակայել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է այն զորանոցի ուղղությամբ, որտեղ տեղակայված են հրթիռները, հարված հասցնել միայն այն դեպքում, եթե հայտնի դառնա, որ դրանց վրա միջուկային մարտագլխիկներ են տեղադրվում։
Պենտագոնից հայտնել են, որ հրթիռների արձակման դեպքում, եթե դրանք ուղղվեն Հարավային Կորեա, Ճապոնիա, կամ Գուամ, ամերիկացի զինծառայողները պատասխան հարված կհասցնեն։
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հս. Կորեան, հնարավոր է, պատրաստվում է 4-րդ միջուկային փորձարկման անցկացմանը։










