WikiLeaks-ը հրապարակել է 1973-1976թթ. ԱՄՆ-ի դիվանագիտության վերաբերյալ 1.7 մլն փաստաթուղթ

10:19 • 08.04.13

Սկանդալային WikiLeaks կայքը երկուշաբթի հրապարակել է Հենրի Կիսինջերի ժամանակների ԱՄՆ դիվանագիտության և հետախուզության վերաբերյալ մոտ 1.7 մլն փաստաթուղթ, ասվում է WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժի կայքում, հայտնում է Взгляд-ը։

 

Ասանժի խոսքով՝ փաստաթղթերը լույս են սփռում համաշխարհային քաղաքականության և պատմության վրա ազդեցություն թողած ԱՄՆ գործողությունների «մի ամբողջ շարքի» վրա։ Փաստաթղթերի մեծ մասը հասցեագրված են կամ կազմված են անձամբ Հենրի Կիսինջերի կողմից, ով 1973-1976թթ. զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։

 

Այդ տվյալների բազան WikiLeaks-ն անվանել է «ԱՄՆ դիվանագիտության հանրային գրադարան» (PlusD): Փաստաթղթերի մեծ մասը նշագրված է որպես «տարածման համար չէ» (NODIS, no distribution):

 

Հրապարակված փաստաթղթերի թվում են հեռագրեր, հետախուզության հաշվետվություններ, Կոնգրեսի նամակագրություն, որոնք գաղտնազերծվել և հասանելի են դարձել ԱՄՆ իշխանությունների կողմից։