Մեխիկոյի իշխանությունները Ալիևի ապամոնտաժված արձանը Ադրբեջանի դեսպանատուն կուղարկեն

16:45 • 09.04.13

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը, որը շաբաթներ առաջ էր ապամոնտաժվել Մեխիկոյի կենտրոնից, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատուն կուղարկվի:


Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, այս մասին հայտարարել է Մեքսիկայի Միգել Իդալգոյի շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո-Ռոմոն:

 


Հիշեցնենք, որ Ալիև-ավագի բրոնզաձույլ արձանը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Reforma զբոսայգում տեղադրվել էր ամիսներ առաջ. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը համաձայնելով 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել զբոսայգում` իրավունք էր ստացել այնտեղ տեղադրել Հեյդարի արձանը:


Ադրբեջանի 3-րդ նախագահի արձանն առաջացրել էր իրավապաշտպանների ու Մեխիկոյի բնակիչների զայրույթը. նրանք դժգոհ էին, որ մայրաքաղաքի կենտրոնում Մահաթմա Գանդիի (Հնդկաստանի քաղաքական, հոգեւոր առաջնորդ, 1869-1948թթ.), Միացյալ Նահանգների նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի(1809-1865թթ.) արձանների կողքին խոյանում է բռնապետ Ալիեւի արձանը:

 

Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել էր հանձնաժողով ստեղծել` բողոքներն ու դժգոհությունները քննելու համար: Երեք գրողից ու մեկ վերլուծաբանից բաղկացած հանձնաժողովը նոյեմբերին քաղաքային իշխանություններին առաջարկել էր ապամոնտաժել արձանը` նշելով, որ իշխանությունները սխալ են գործել «գումարի դիմաց թույլ տալով, որ օտարերկրյա կառավարությունը որոշի, թե ում արձանը պետք է խոյանա մայրաքաղաքի կենտրոնում»:

 

Մեխիկոյի քաղաքապետ Միգել Մանսերան հունվարի սկզբին հայտարարել էր, որ, հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը ու բնակիչների և իրավապաշտպանների դժգոհությունները, իրենք վերջնականապես որոշել են ապամոնտաժել արձանն ու «այլ վայր» տեղափոխել:


Արձանը ապամոնտաժվեց փետրվարի վերջին  Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դրանից հետո ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել էր, թե իրենք Մեխիկոյի իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն` քաղաքի ծայրամասում ադրբեջանական կողմին տրամադրվելու է շինություն` մշակույթի կենտրոն բացելու համար: Դեսպանը նշել էր, որ իրենք նախատեսում են հենց այդ շինություն տեղափոխել արձանը:

 

Թե երբ է ընդունվել արձանը Ադրբեջանի դեսպանատուն ուղարկելու որոշումը, չի հաղորդվում: