Հանովերի դեպքից հետո FEMEN ակտիվիստուհիների նկատմամբ քրգործ է հարուցվել
FEMEN շարժման ակտիվիստուհիների նկատմամբ, ովքեր Հանովերում արդյունաբերական տոնավաճառի ընթացքում բողոքի ակցիա էին կազմակերպել, քրեական գործ է հարուցվել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Հանովերի ոստիկանությանը, աղջիկների նկատմամբ գործը հարուցվել է համաձայն Գերմանիայի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Իշխանության կամ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին վիրավորելը»։
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ակցիային մասնակցել է 5 աղջիկ՝ 2 գերմանուհի, 2 ուկրաինուհի և 1 ռուս։
FEMEN ակտիվիստուհիներն ակցիա էին կազմակերպել տոնավաճառում, երբ այնտեղ էին այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այն պահին, երբ Պուտինը և Մերկելը կանգնած են եղել Volkswagen ընկերության տաղավարի մոտ, մի քանի աղջիկներ մերկացել են և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել անգլերենով։ Այդ նույն արտահայտությունները գրված են եղել նաև նրանց մարմիններին։










