Հյուրերը շտապում են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը (լուսանկարներ, տարբերակ 2)
Արդեն սկսվել է հյուրերի հոսքը Մարզահամերգային համալիր, որտեղ քիչ հետո կմեկնարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը, հյուրերի թվում են «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արվեստագետներից՝ Լևոն Մալխասյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, ում ձեռքից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կվերցնի Վեհամոր Ավետարանը: Ըստ ընդունված արարողակարգի՝ հենց Մատենադարանի տնօրենից են վերցնում Ավետարանը:
Քիչ առաջ համալիր ժամանեց նաև ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով նշեց, որ եկել է շնորհավորելու Սերժ Սարգսյանին:
Հյուրերի մեջ են նաև մարզպետներ։
Հիշեցնենք, որ բացի համալիրում սպասվող միջոցառումից, նմանատիպ մեկ այլ երդմնակալության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ազատության հրապարակում, որտեղ սպասվում է «Նոր Հայաստանի» երդմնակալությունը:
11.55
Պետական դրոշը, նախագահական գերբը, Սահմանադրության մայր օրինակը, ինչպես նաև Վեհամոր ավետարանը, ըստ ընդունված արարողակարգի, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը հանդիսավոր կերպով փոխանցեց Հովնան եպիսկոպոս Եփրեմյանին:
Խորհրդանիշները պաշտոնական ձևով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են մարզահամերգային համալիր, որտեղ էլ քիչ հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:










