ԱՄՆ-ն լայնամասշտաբ ծովային զորավարժություններ է անցկացնելու Պարսից ծոցում
ԱՄՆ-ն, ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, նոր, միջազգային խոշոր զորավարժություններ է իրականացնելու Պարսից ծոցում՝ Իրանի միջուկային ծրագրերի լարվածության ֆոնին, տեղեկացնում Взгляд-ը։
Զորավարժությունները տեղի են ունենալու մայիսի 6-30-ը Բահրեյնում՝ Պարսից ծոցի տարածքային ջրերում։
Մասնակիցները պետք է կատարելագործվեն մասնավորապես ականազերծման, ավիացիայի միջոցով հակաականային պայքարի, ջրասուզական աշխատանքներ իրականացնելու, անօդաչու թռչող սարքերի գործարկման և այլ ոլորտներում։
ԱՄՆ-ն անցյալում ևս Պարսից ծոցում նման զորավարժություններ է անցկացրել։ 5-րդ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը նախորդ տարիներին նման զորավարժությունների չեն մասնակցել, և այս տարի ևս նրանց մասնակցությունը չի ակնկալվում։
Նման միջազգային զորավարժություններ Պարսից ծոցի տարածքում տեղի էին ունեցել նաև անցյալ տարվա սեպտեմբերին։










