Մեկ Հայաստան, երկու երդմնակալություն
Այսօր Հայաստանում կարևորագույն պետական միջոցառումներից մեկի ՝ ՀՀ նախագահի երդմնակալության օրն է։ Նման արարողություն Հայաստանը տեսել է 5 անգամ, և սա արդեն 6-րդն է։ Այսօրը, սակայն առանձնահատուկ է նրանով, որ փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով հաղթած թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական երդմնակալությանը զուգահեռ իրականացվելու է նաև նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի՝, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած, ինչպես ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ «Նոր Հայաստանի» երդմնակալությունը: Դրանցից առաջինը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստի շրջանակներում, մյուսը՝ Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը ստացել էր 861 373, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 539 693 ձայն:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունները՝ ժամանակագրական կարգով:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ Գերագույն խորհրդի շենքում:
Այն ժամանակ Հայաստանը չուներ Սահմանադրություն, և նախագահը երդման տեքստն արտասանելիս ձեռքը դրել էր միայն մոտավոր թվագրմամբ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, որը պահվում է Մատենադարանի շուրջ 452 000 միավոր ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի հետ և դիտվում է որպես անկախ Հայաստանում պետական խորհրդանիշ:
1996 թվականի նոյեմբերի 11-ին Լևոն Տեր-Պետրոսյանը երդվեց արդեն մի ձեռքը դնելով Վեհամոր ավետարանի, մյուս ձեռքը՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության վրա:
1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններից հետո ապրիլի 9-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում (եղել է 2 փուլ, մարտի 5 և մարտի 30) տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը: Նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետում՝ 2003 թվականի ապրիլի 9-ին, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ երդվեց:
2008 թ. ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։
ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունները հիմնականում տեղի են ունեցել նախկին՝ Գերագույն խորհրդի՝ ներկայումս Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող Կառավարության համագումարների դահլիճում՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ:
Նախագահի երդման տեքստն ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, հետևյալն է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
ԱԺ հատուկ նիստին մասնակցելու են շուրջ 2000 հրավիրյալներ, որոնց թվում ներկա են լինելու շուրջ 60 երկիր ներկայացնող միջազգային պատվիրակություններ և գործիչներ, որոնց թվում են՝ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության» գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Իսլամական Խորհրդարանի ներկայացուցիչ Մեհդի Դավթագարին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը , ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Միացյալ Թագավորության կառավարության կազմի և ԱԳ նախարարության գծով Լորդերի պալատի խոսնակ Պատվելի Սոլթերին լորդ Ուոլիսը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար տկն Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկուն, Արգենտինայի փոխնախագահ , Սենատի նախագահ Ամադո Բուդուն, Լիբանանի պետնախարար Մարվան Խերեդդին, Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահի առաջին տեղակալ Ալենա Գայդուշկովան, Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ ու փոխխոսնակ Վալերիու Ստեփան Զգոնեան և Վասիլե Դանիել Սուչիուն և այլք:
Ներկա են լինելու նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսասատանի, եվրոպական գրեթե բոլոր երկրների դեսպաններն ու միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Չնայած այս «աշխարհաքաղաքական ներկայացվածությանը», ներքին ներկայացվածության առումով վիճակը այլ է:
Մասնավորապես, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից միայն երեքը՝ «Հայաստանի հանրապետական», «Օրինաց երկիր» և մասամբ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են ներկա լինելու (ԲՀԿ-ի ոչ քաղաքական դեմքերը հնարավոր է՝ ներկա լինեն), իսկ «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը» և «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» չեն մասնակցելու զուտ քաղաքական դրդապատճառներով:
Նշենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բացառությամբ 1991 թվականի, նախագահական ընտրությունների արդյունքները կասկածի տակ են առնվել և նախագահի երդմնակալության արարողություններին մշտապես նախորդել, hաջորդել են և կամ այդ օրվա հետ համընկել են ժողովրդական հուզումներ:










