Սերժ Սարգսյանը կրկին ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը (տարբերակ 5, լուսանկարներ)

11:49 • 09.04.13

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով վերընտրված թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ 
 

Սա անկախ Հայաստանի արդեն 6-րդ երդմնակալության արարողությունն է, և առաջինը, որ տեղի է ունենում մարզահամերգային համալիրում։


Նախագահի երդման տեքստն ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, հետևյալն է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:


ԱԺ հատուկ նիստին մասնակցում են շուրջ 2000 հրավիրյալներ, որոնց թվում ներկա են շուրջ 60 երկիր ներկայացնող միջազգային պատվիրակություններ և գործիչներ, որոնց թվում են՝ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության» գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Իսլամական Խորհրդարանի ներկայացուցիչ Մեհդի Դավթագարին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Միացյալ Թագավորության կառավարության կազմի և ԱԳ նախարարության գծով Լորդերի պալատի խոսնակ Պատվելի Սոլթերին լորդ Ուոլիսը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար տկն Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկուն, Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն, Լիբանանի պետնախարար Մարվան Խերեդդին, Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահի առաջին տեղակալ Ալենա Գայդուշկովան, Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ ու փոխխոսնակ Վալերիու Ստեփան Զգոնեան և Վասիլե Դանիել Սուչիուն և այլք:


Ներկա են նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսասատանի, եվրոպական գրեթե բոլոր երկրների դեսպաններն ու միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:

 

Երդմնակալության արարողությանը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից ներկա են միայն երեքը՝ «Հայաստանի հանրապետական», «Օրինաց երկիր» և մասամբ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են ներկա լինելու (ԲՀԿ-ի ոչ քաղաքական դեմքերը հնարավոր է՝ ներկա լինեն), իսկ «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը» և «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» չեն մասնակցելու զուտ քաղաքական դրդապատճառներով:

 


12.17
Սերժ Սարգսյանը քիչ առաջ ներկայացավ համալիր և անցավ համալիրի նախասրահով՝ մասնակցելու ԱԺ հատուկ նիտին, որի ընթացքում էլ ստանձնեց նախագահի պարտավորությունները:

ԱԺ հատուկ նիստը ղեկավարող նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հատուկ նիստին գրանցվել է 99 պատգամավոր, քվորում կա և կարող են սկսել աշխատանքները: Նա հայատարարեց, որ փետրվարի 18-ին կյացած նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը:

Նա հանձնարարեց ներս բերել նախագահական իշխանության խորհրդանշանը, և ՀՀ պետական դրոշը:

Ժոովրդին երդվելու համար հրավիրվեց ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, ով ձեռքը դնելով Ավետարանի և Սահմանդրության վրա երդվեց՝ արտասանելով Սահմանադրությամբ սահմանված հետևյալ խոսքերը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:


12.26
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կապակցությամբ իր ուղերձը հղեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի,
Բարձրաշնորհ և Գերաշնորհ հոգևոր հայրեր,
Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,
Սիրելի հյուրեր և ներկաներ.
Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով:
Փառք և գոհություն ենք մատուցում Երկնավորին մեր ժողովրդին պարգևած անպատում շնորհների համար, որոնցով ապրել, ստեղծել ու մաքառել է և այսօր աննկուն ու լավատես` հայրենյաց սիրով կերտում է իր ազատ կյանքի նոր օրը:
Անկախ պետականության վերականգնումից ի վեր մեր երկիրը ահռելի դժվարություններ է հաղթահարել, վերակառուցումների ու բարեփոխումների ոչ դյուրին ճանապարհ անցել: Այս պահին գնահատանքով և աղոթքով ենք հիշում հայրենի անկախ պետականության հաստատման և կայացման գործին իրենց նվիրյալ ծառայությունը բերած ազգի բոլոր զավակներին: Պետականաշինության ընթացքներում Դուք, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, ծանրագին ավանդ եք բերել` լինելով կերտողներից մեկը մեր պատմության այս հուսաբեր ժամանակաշրջանի: Ձեր նվիրյալ ծառայությունը Հայրենիքին ու ժողովրդին առաջնորդեց Ձեզ պետական ամենաբարձր պատասխանատվության: Նախագահի պաշտոնը հինգ տարիներ առաջ Դուք ստանձնեցիք երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում և, սակայն, աներեր կամքով և հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեցիք, որպեսզի պահպանվի կայունությունը և շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի: Ձեր նախագահության շրջանը եղավ պայքար և ծառայություն դժվարությունների և մարտահրավերների դիմագրավման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ և արդար կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման և գործակցության արդյունավորման:
Այսօր Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով` Դուք նորոգեցիք ծառայական Ձեր ուխտը ազգին և Հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում` որոշակի նոր պահանջներով ու ակնկալիքներով: Մեր երկրում նախորդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերով ու բարի արդյունքներով հանդերձ` տակավին կենսական նշանակություն ունեցող և վճիռների կարոտ բազում խնդիրներ ու հարցեր կան, որոնք այսօր ևս պահանջում են հայրենի իշխանությունների և համայն մեր ժողովրդի հետևողական ջանքերը` պահպանելու համար մեր խաղաղ ու ապահով կյանքը և առաջընթացի հույսն ու հեռանկարը: Ամենքիս տեսիլքն է, որ մեր անկախ պետականության ուղին պարգևի արգասիքներ շեն ու ծաղկուն կյանքի` բարօրությամբ ու բարեկարգությամբ լեցուն, զարգացող տնտեսությամբ, գիտությամբ ու մշակույթով: Նախագահի բարձր առաքելությամբ Դուք կոչված եք իրագործման առաջնորդելու այս տեսլականը: Անտարակույս է, որ ժողովրդի բարօրությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, հոգևոր-բարոյական արժեքներով հասարակական կյանքի առաջընթացը առավել ամրություն պիտի բերեն մեր երկրին, հեղինակություն` մեր պետության վարկին և առավել զորություն` մեր ազգային կյանքին: Մեր Եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը և Ձեզ` հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում:
Երդմնակալության այս առիթով Մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս` հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն մեր Հայրենիքի և ազգային մեր կյանքի պայծառության, մեր հույսերի մարմնավորման: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև: Առաքյալի խոսքի համաձայն` «հոգ տանենք միմյանց` սիրո և բարի գործերի հորդորելով» (Եբր. 10. 24), որպեսզի օր օրի շենանա ու բարգավաճի մեր Հայրենիքը` այսօր և միշտ մնալով ամուր պատվարն ու զորության ակունքը աշխարհասփյուռ հայության:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Հայրենիքի անսասանության, մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի հայցով: Աղոթում ենք Ձեզ համար, մեծարգո Նախագահ. թող Բարձրյալի օրհնությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն Ձեզ հետ, զորացնեն Ձեզ, պահպանեն հաստատուն ու վճռակամ` կյանքի կոչելու Ձեր և մեր ժողովրդի բարի սպասումներն ու հույսերը: Թող Տերը օրհնի ազգս աշխարհասփյուռ, միշտ պահպանի Իր շնորհների մեջ` հավատքով հայցելու. «Տեր Աստված մեր, առաջնորդիր մեզ և ուսուցանիր մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը` Քեզ հաճելի. ամեն»:


12.43
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթից հետո ելույթով հանդես եկավ նաև Սերժ Սարգսյանը։

Ներկայացնում ենք այն ստորև.
 

Վեհափա՛ռ Տեր,
Մեծարգո Նախագա՛հ Քոչարյան,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Մեծարգո Նախագա՛հ Ղուկասյան,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել:

Որևէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի և՛ իր առավելությունները, և՛ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների և ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար:

Առաջիկա հինգ տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում և մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետևողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որևէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաև ցանկանում են պարտադրել մեզ:

Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, և դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի՝ տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին:

Մենք մեր հարևաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու:

Այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք՝ հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ:

Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաև յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում և արդյունք է տալիս:

Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսևորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:

Նաև այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ և զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու և մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն և ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետևողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու:

Ուրեմն՝ ի գործ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փառք հայ ժողովրդին:

 


12.46

Սերժ Սարգսյանի ելույթից հետո հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և այդպիսով երդմնակալության արարողությունը ավարտվեց։ 

Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա վստահեցրեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ բոլոր հայորդիները, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը և քաղաքացիական հասարակությունը, բոլորը մեկ հարցում միասնական են՝ ուժեղ հայրենիք ամրապնդելու և կառուցելու:


Նա մեջբերելով նախագահի այն խոսքերը, թե ժամանակն է գործելու, վստահեցրեց, որ առաջիկա 5 տարիները դառնալու են համախմբման տարիներ: «Ձեր նախագահաության տարիները վստահ եմ, որ դառնալու են համախմբման, հաշտության, ոգու ամրապնդման, աշխատանքի տարիներ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և բոլորիս: Աստված Ձեզ պահապան»,-եզրափակեց ԱԺ նախագահը: