Իսրայելի պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է
Իսրայելի պատվիրակության այցը Թուրքիա, որի շրջանակներում նախատեսվում էր քննարկել «Մավի մարմարա» նավի միջադեպի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը, հետաձգվել է, գրում է թուրքական «Ռադիկալ»-ը։
Նախատեսվում էր, որ այցը կկայանա ապրիլի 11-ին, սակայն թուրքական կողմի ցանկությամբ այն տեղի կունենա ապրիլի 22-ին։
Իսրայելի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հետաձգման պատճառը թուրքական կողմի ցանկությունն է, և իրենք կարծում են, որ այցի նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։
«Դա թուրքական կողմի պահանջն է և մեր ցանկությամբ տեղի չի ունեցել»,-ասել է աղբյուրը։
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու համաձայնությունը ձեռք էր բերվել մարտին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու ներողություն խնդրել «Մավի մարմարա» նավի միջադեպի կապակցությամբ։










