Հայաստանում Լիտվայի նոր դեսպան կարող է նշանակվել Էրիկաս Պյատրիկասը
Հայաստանում Լիտվայի դեսպան Յուոզաս Բյարնատոնիսի՝ Ներքին գործերի նախարար նշանակվելուց հետո Հայաստանում դեսպան կարող է նշանակվել դիվանագետ Էրիկաս Պյատրիկասը, տեղեկացնում է 15min.lt կայքը։
Նրա թեկնածությունը դեռևս պետք է հաստատի նախագահն ու կառավարությունը։
Կառավարությանը ներկայացված նախագծով՝ Պյատրիկասը Երևանում դեսպան է դառնալու մայիսի 15-ից։
Այժմ դիվանագետը գլխավորում է Լիտվայի արտգործնախարարության աշխատակազմը։ Ավելի վաղ նա եղել է Լիտվայի մշտական ներկայացուցիչը Եվրոպական Միությունում։
Անցյալ տարվա հուլիսին Լիտվայի նախագահի հրամանով Հայաստանում Լիտվայի դեսպան էր նշանակվել Բյարնատոնիսը, սակայն օգոստոսի վերջին որոշումը փոխվել էր, քանի որ նա որոշել էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Նա պատգամավոր էր դարձել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով, իսկ դեկտեմբերին նշանակվել Ներքին գործերի նախարար։










