ՌԴ Պետուշկի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 3 և վիրավորել` 1 ՀՀ քաղաքացի (լուսանկարներ)
ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին` ժամը 18:57-ին, Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`
1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության,
2. Զուրաբ Ավագյան - տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) - տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) - տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է:
16.14 Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վթարից հետո «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով էլ այրվել են վթարի ենթարկված բոլոր երեք ավտոմեքենաները։
Ողջ մնացած միակ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Նրա իրավիճակը կայուն ծանր է։ Վնասվել է նրա կոնքոսկրը։ Թեև նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վերականգնման համար մի քանի վիրահատություն կպահանջվի»,-ասել է Պետուշինի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Եվգենի Տյապկինը։










