Սաակաշվիլին պատմել է իր և Մարգարեթ Թետչերի վերջին հանդիպման մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նախագահը պատմել է իրենց վերջին հանդիպման մասին։
«Վերջին տարիների ընթացքում Մարգարեթ Թետչերի հետ մի քանի հանդիպում եմ ունեցել, սակայն նրանով հիացած եմ եղել դրանից առաջ՝ մանկության տարիներից»,-ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախագահը նշել է, որ Թետչերը չտրվեց պոպուլիստական գայթակղություններին, ստեղծեց նոր մտածողություն՝ իր երկրում և Եվրոպայում։
«Երբեք չեմ մոռանա, թե նա ինձ ինչ պատմեց մեր վերջին հանդիպման ընթացքում՝ լոնդոնյան «Ռիտց» հյուրանոցում։ Նա ասաց. «Դուք Վրաստանում արեցիք այն, ինչը ես արել եմ Բրիտանիայում և չեմ կարողացել ավարտին հասցնել»։ Հույս ունեմ, որ «չկարողացա հասցնել ավարտին» արտահայտությունը, որը Թետչերն ասել էր իր երկրի վերաբերյալ, հարկ չի լինի օգտագործել Վրաստանի առնչությամբ»,-ասված է Սաակաշվիլիի հաղորդագրության մեջ։
Մարգարեթ Թետչերը մահացել էր երեկ՝ 87 տարեկանում։










