Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են նոր քայլեր ձեռնարկել միջուկային զենքի նվազեցման ուղղությամբ. պետդեպ

10:00 • 09.04.13

ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի հետ կարևոր քայլեր ձեռնարկել ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների նվազեցման հարցում՝ մինչև նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ շրջանի ավարտը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռոուզ Գոտեմյուլլերը։

 

Այդ նպատակներով Վաշինգտոնը հետաքրքրված է Մոսկվայի հետ բանակցություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ մշտական անդամների հետ խորհրդակցություններով։

 

Ելույթ ունենալով միջուկային անվտանգության վերաբերյալ ամենամյա համաժողովի շրջանակներում, որը Վաշինգտոնում կազմակերպել է Կարնեգի հիմնադրամը, նա նշել է, որ ՌԴ և ԱՄՆ միջև 3 տարի առաջ ստորագրված Ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների նվազեցման պայմանագիրը հաջողությամբ իրականացվում է։


Նա նաև հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է լսել Մոսկվայի տեսակետը և քննարկել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության կայաններ տեղադրելուն առնչվող հարցերը։

 

«Մենք դարձյալ ցանկանում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։