Ֆրանսիան սկսել է զորքերի դուրսբերումը Մալիից
Ֆրանսիան սկսել է իր զորքերը դուրս բերել Մալիից, հայտնում է BBC-ն՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը հղումով:
Ըստ այդմ՝ հունվարին այնտեղ ուղարկված 4.000 զինվորից 100-ն ուղարկվել է Կիպրոս: Խոսքը բանակի պարաշյուտային միավորների մասին է: Մինչև տարվա վերջ Ֆրանսիան իր զորքերի թիվը Մալիում կհասցնի 1.000-ի: Այժմ այդ երկրում նաև 6.300 աֆրիկացի զինվոր կա: ՄԱԿ-ն առաջարկել է, որ Ֆրանսիայի հեռանալուց հետո Մալիում գործեն 11.000-անոց աֆրիկյան ուժերը:
Ֆրանսիան ռազմական միջամտություն էր ցուցաբերել, երբ հունվարին Մալիի հյուսիսը գրաված «Ալ-Կաիդայի» զինյալներն առաջացել էին դեպի մայրաքաղաք Բամակո: Այժմ իսլամիստները հիմնականում դուրս են մղվել հյուսիսի քաղաքներից, սակայն որոշները պատսպարվել են անապատներում:










